երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Աբովյան, Արզնի և Բալահովիտ համայնքներում կկառուցվի «Հայփրոսփեքթ» բնապահպանական, էներգետիկ, տնտեսական առաջին կայուն համայնքը

Աբովյան, Արզնի և Բալահովիտ համայնքներում կկառուցվի «Հայփրոսփեքթ» բնապահպանական, էներգետիկ, տնտեսական առաջին կայուն համայնքը

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում «Հայփրոսփեքթ» ՓԲ ընկերության ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ֆինանսների, Էկոնոմիկայի, արդարադատության նախարարությունների, ՀՀ քաղաքաշինության և կադաստրի պետական կոմիտեների գործընկերները:

Հանդիպման նպատակն ընկերության կողմից առաջարկվող ծրագրի շնորհանդեսի ներկայացումն էր, որպիսզի ՀՀ կառավարության անդամները ծրագրի մասին ավելի համապարփակ տեղեկություն ունենան: 

Վաչե Տերտերյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ Հայաստանի համար կարևոր է ներդրումային ծրագրերի առկայությունը, և հանդիպումը կօգնի ավելի հստակ պատկերացում կազմել հետագա անելիքների վերաբերյալ:

Ծրագիրով նախատեսվում է ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան, Արզնի և Բալահովիտ համայնքներում կառուցել «Հայփրոսփեքթ» բնապահպանական, էներգետիկ, տնտեսական առաջին կայուն համայնքը` համապատասխան ենթակառուցվածքներով, ծախսաարդյունավետ ռեսուրսներով, էկոլոգիապես մաքուր, որն իր մեջ ներառելու է բնակելի, կրթական, առողջապահական, գյուղատնտեսական և կանաչ գոտիներ, ինչպես նաև արտադրական թաղամաս (ազատ տնտեսական գոտի, ազատ արդյունաբերական գոտի):

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել առաջարկվող ծրագրի հետ կապված մի շարք հարցերի, արվել են առաջարկություններ, դիտողություններ:

ՀՀ Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանի առաջարկությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպումն անցկացնել Կադաստրի կոմիտեում՝ առավել մանրամասն քննարկելու ոլորտին առնչվող հարցերը:

  • Կիսվել: