շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
«Մուրացան» հիվանդանոցում 0-4 տարեկան 81 երեխա է բուժօգնություն ստանում . 2-ի մոտ արձանագրվել է կորոնավիրուս

«Մուրացան» հիվանդանոցում 0-4 տարեկան 81 երեխա է բուժօգնություն ստանում . 2-ի մոտ արձանագրվել է կորոնավիրուս

Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում 2024 թվականի 2-րդ շաբաթվա ավարտին շարունակում է մնալ բարձր և գերազանցում է սահմանված շեմը ԵՄ/ԵՏՄ երկրների մեծ մասում:

Ըստ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնի տվյալների` տարածաշրջանում սեզոնային գրիպի շրջանառության մակարդակը գերազանցել է SARS-CoV-2-ին և ռեսպիտատոր սինցիցիալ վիրուսին (RSV): Բոլոր ցուցանիշները ցույց են տալիս գրիպի շարունակական բարձր ակտիվությունը (ներկայացրած բոլոր երկրները գերազանցել են դրական 10% շեմը, և երկրների մեծ մասում նկատվել են գրիպի հիմնական մակարդակից բարձր մակարդակ) ինտենսիվությունը, աշխարհագրական ավելի լայն ընդգրկվածությունը:

Ըստ տվյալների` ԵՄ անդամ երկրների մեկ երրորդը գերազանցել է միջին կամ բարձր շեմերը, որոնք հիմնականում պայմանավորված են գրիպի A(H1)pdm09 ենթատեսակով: Կան նշաններ, որ որոշ երկրներ հասել են ակտիվության գագաթնակետին, չնայած դեռ վաղ է հստակ եզրակացություններ անել: Գրիպով պայմանավորված ծանր հիվանդությունը հիմնականում ազդում է 15 տարեկան և բարձր տարիքի մարդկանց վրա: Երկրների մեծ մասում, սակայն, նկատվել է ինչպես SARS-CoV-2-ի, այնպես էլ ռեսպիտատոր սինցիցիալ վիրուսի դեպքերի թվի նվազում:

Հայաստանի Հանրապետությունում նույնպես շարունակում են գրանցվել սուր շնչառական վարակների և սեզոնային գրիպի դեպքեր:

«ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրում, որը բժշկական օգնության ծառայություններ է մատուցում ինչպես Երևանի, այնպես էլ հանրապետության մարզերի բնակչությանը, ս/թ հունվարի 23-ի դրությամբ բուժօգնություն են ստանում սուր շնչառական հիվանդություններով ընդունված 0-4 տարեկան 81 երեխա, որոնցից միայն 2-ի մոտ է արձանագրվել կորոնավիրուսային վարակ:

Ի դեպ, եթե այս ցուցանիշը համեմատենք հունվարի 7-ի տվյալների հետ, ապա կարող ենք ասել, որ արձանագրվել է շուրջ 32%-ով սուր շնչառական վարակով 0-4 տարեկան երեխաների հոսպիտալացումների թվի նվազում:

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայում «Թոքաբորբ» ախտորոշմամբ հունվարի 23-ի դրությամբ բուժօգնություն է ստանում 26 երեխա, որը, սակայն, շուրջ 62%-ով գերազանցում է հունվարի 7-ի դրությամբ նույն ախտորոշմամբ հոսպիտալացված 0-4 տարեկան երեխաների թվին: Այս դեպքերը արդեն բարդացած վիրուսային վարակի դեպքերն են, որոնք կարող են կրել ինչպես վիրուսային, այնպես էլ բակտերիալ բնույթ:

Պետք է նշել, որ այս ցուցանիշները հիմնականում համապատասխանում են մեր երկրում գրանցված նախորդ տարվա ցուցանիշներին:

Սիրելի' քաղաքացիներ, հորդորում ենք սուր շնչառական հիվանդությունների ախտանշանների ի հայտ գալու դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ, չօգտագործել հակաբիոտիկներ, դիմել առողջության առաջնային պահպանման օղակի Ձեր բժշկին: Ավելորդ չենք համարում նաև ևս մեկ անգամ հիշեցնել շնչառական էտիկետի, ձեռքերի հիգիենայի և դիմակների առկայության կարևորությունը վարակի առաջին իսկ ախտանիշների դեպքում:

Ինչպես նաև հիշեցնում ենք, որ սեզոնային գրիպից, կորոնավիրուսից պաշտպանվելու լավագույն տարբերակը շարունակում է մնալ պատվաստումը:

Եղեք առողջ և տեղեկացված», - ասվում է հաղորդագրությունում։

  • Կիսվել: