ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
35 քաղաքացի գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, 9-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքին

35 քաղաքացի գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, 9-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքին

Մայիսի 3-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդությամբ 65 քաղաքացի գտնվում է ծանր վիճակում, 35-ը ծայրահեղ ծանր վիճակում են,  9-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքին: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարը հայտնեց, որ մեկուսացման վայրերում կա մոտ 2000 քաղաքացի։

«Այս պահին հիվանդանոցային համակարգում ունենք 350 ազատ մահճակալ,  քանի որ քաղաքացիների մի մասը «բուժօգնությունը» ստանում է հյուրանոցներում։ Դրանք որևէ սիմպտոմ չունեցող քաղաքացիներն են։ Այդ մոտեցումը դեռ շարունակվելու է, իսկ միջին և ծանր վիճակում գտնվողները բուժվելու են հիվանդանոցներում»,- ասաց Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ այսօր կորոնավիրուսի դեմ պայքարի համար առանձնացվել է 6 հիվանդանոց։

Առողջապահության նախարարը նաև հայտնեց, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 121-ով և դարձել 2507։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 1393 մարդ։ Ըստ նրա, մայիսի 4-ին կատարվել է 765 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ, հանրապետությունում կատարվել է 25 հազար լաբորատոր հետազոտություն (թեստավորում), առողջացածների թիվն էլ հասնում է 1071-ի։

Նշվեց նաև, որ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 39 դեպք և մահվան 4 անուղղակի դեպք:

  • Կիսվել: