շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
2024 թվականի ապրիլի 15-ից կդադարեցվեն arca.am հավելվածով  գործառնությունները

2024 թվականի ապրիլի 15-ից կդադարեցվեն arca.am հավելվածով գործառնությունները

2024 թվականի ապրիլի 15-ից կդադարեցվեն arca.am հավելվածով  գործառնությունները, հայտնում է cabinet.arca.am-ը:

՛՛Հավելվածը մուտք գործեց շուկա 2019 սկզբին՝ որպես մինչ այդ գործող «Վիրտուալ քարտերով» վճարումների համակարգի զարգացման հաջորդ փուլ, և այն ժամանակ շուկայի կողմից սպասված և պահանջված լուծում էր, որն ապահովում էր շուկայում նոր կիրառական փորձառություն և  ծառայությունների մի շրջանակ, որն այդ պահին քիչ թվով մասնակիցներին էր հասանելի։

Ըստ էության, arca.am հավելվածը դարձավ նախատիպ և խթան՝ բանկերի կողմից սեփական հավելվածների մշակման և զարգացման համար, և դրանով իսկ մենք կարող ենք հաջողված համարել մեր առաքելությունը։

Այս պահին շուկայում առկա են բազմաթիվ լուծումներ, որոնք ծածկում են, որոշ առումներով նույնիսկ գերազանցում են ծառայությունների շրջանակը, որն առկա է մեր հավելվածում։

Արմենիան Քարդ ընկերությունը, հանդիսանալով ԱրՔա ազգային վճարային համակարգի օպերատոր, ինչպես նաև միասնական պրոցեսինգային կենտրոն հայաստանյան բանկերի մեծ մասի համար, կենտրոնանալու է իր ծառայությունների անմիջական շահառու հանդիսացող ֆինանսական կազմակերպություններին տեխնոլոգիական լուծումներ մատուցելու վրա։

Ըստ այդմ, տեղեկացնում ենք, որ 2024 թվականի ապրիլի 15-ից կդադարեցվեն arca.am հավելվածով  գործառնությունները։

Մինչ այդ, անհրաժեշտության դեպքում, կարող եք պահպանել Ձեր վճարումների տվյալները, արտահանելով դրանք arca.am կաբինետի WEB տարբերակի համապատասխան բաժիններից, ինչպես նաև դուրս գրել պարբերական վճարների / փոխանցումների, շահառուների տվյալները՝ այլ հարթակներում դրանք հետագայում գրանցելու նպատակով։

Մենք ունենք ապագայի մեծ պլաններ, շուտով ներկայացնելու ենք նոր, ժամանակակից պրոդուկտներ մեր գործընկեր բանկերի համար՝ շարունակելով զարգացնել վճարումների և փոխանցումների ոլորտը Հայաստանում։ Մենք ձեր հետ կլինենք միշտ, երբ դուք քարտով, հեռախոսով, սմարտ ժամացույցով և այլ միջոցներով ֆիզիկական կամ վիրտուալ միջավայրում կկատարեք վճարում կամ փոխանցում՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: