հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
100 մլն դրամ. սահմանվել է քաղաքապետարանի պարգևավճարների ֆոնդը

100 մլն դրամ. սահմանվել է քաղաքապետարանի պարգևավճարների ֆոնդը

Մենք պարգևավճարների ֆոնդը սահմանել ենք 100 մլն դրամ, իսկ մնացած գումարը տեղափոխվել է աշխատավարձերի ծախսային մաս: Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստում օրակարգի հարցը ներկայացնելիս ասաց քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը։

Օրակարգի այդ հարցը վերաբերում է Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N310-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելուն։

Որոշմամբ առաջարկվում է «Կառավարման մարմնի պահպանում» ծրագրում բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածը ավելացնել 832,074.8 հազ. դրամով, ինչպես նաև պահուստային ֆոնդի վարչական մասը համալրել 28,880.4 հազ. դրամով՝ «Կառավարման մարմնի պահպանում» ծրագրի «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածը նվազեցնելով 860,955.2 հազ. դրամով:

Նշենք, որ որոշումն ընդունվեց 37 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ արդյունքներով:

 

  • Կիսվել: