Վրաստանը Հայաստանին ներկայացրել է արդարադատության շարժական տների ներդրման փորձը
Հայաստանի արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն համագործակցության հուշագիր են ստորագրել: Հուշագրի ստորագրումից հետո Կարեն Անդրեասյանը շնորհակալություն հայտնեց Ռատի Բրեգաձեին և նրա գլխավորած պատվիրակությանը Հայաստան այցելելու համար:
«Վենեցիայում մենք պայմանավորվեցինք, որ մեր համագործակցությունը կլինի ակտիվ և ուրախ եմ, որ արդեն սկսեցինք այդ աշխատանքները: Այսօրվա դրությամբ Հայաստանի և Վրաստանի միջև առկա են շատ ջերմ հարաբերություններ: Կարծում եմ` այսպիսի հարաբերություններ երբեք չեն եղել: Եվ դա, իհարկե, մեր վարչապետերի շնորհիվ է: Համոզված եմ, որ մեր հանդիպումը և համագործակցությունը ստեղծված հարաբերությունների արձագանքն է և հույս ունեմ, որ մենք նույնպես շատ ջերմ և մտերիմ կլինենք և կհամագործակցենք, մեր աշխատանքով կնպաստենք երկու երկրների զարգացմանը»,- ընդգծեց Բրեգաձեն:
Վրաստանի նախարարը տեղեկացրեց, որ իրենց հետ բերել են շարժական արդարադատության տունը, նաև ինովացիոն սարք, որը թույլ է տալիս պրոբացիայի շահառուներին ստանալ այն բոլոր ծառայությունները, ինչը ստանում են, օրինակ` պրոբացիայի բյուրոներում:
Վրաստանի և Հայաստանի նախարարները պայմանավորվել են նաև Վրաստանում փետրվարին հայ և վրացի իրավաբանների համագումար անցկացնել:
«Պայմանավորվածություն ենք ձեռք բերել աշխատել փաստաթղթերի կեղծման դեմ պայքարի ուղղությամբ, դա հնարավորություն կտա մեր երկրի քաղաքացիների իրավունքները պաշտպանել: Նաև համատեղ ներդրում կանենք կրթական ոլորտում` կիրականացնենք ուսանողների փոխանակում: Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ շատ ակտիվ կհամագործակցենք կալանավորների և դատապարտյալների փոխանակման ոլորտում»,-եզրափակեց Բրեգաձեն: