երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Վիգեն Սարգսյանը հարցաքննության չի հրավիրվել. ՔԿ նախագահ

Վիգեն Սարգսյանը հարցաքննության չի հրավիրվել. ՔԿ նախագահ

 Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը չի հրավիրվել հարցաքննության, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:

«Որքանով տեղյակ եմ՝ ՀՀ-ում չէ, չի հրավիրվել, չէ», - ասաց նա:

Հարցին, թե ի՞նչ նորություն կա նրան առնչվող քրեական գործով, Գրիգորյանը պատասխանեց. «Այստեղ նորության խնդիր չկա, կան տվյալներ, որոնք վկայում են, որ հանձնաժողովի կողմից բնակարաններ են հատկացվել անձանց, որոնց ավելի ուշ պետք է հատկացվեր կամ էլ պետք է հատկացվեր հանձնաժողովի քննարկման, այլ ոչ թե միանձնյա որոշման շրջանակներում»: ՔԿ նախագահը նաև նշեց, որ Վիգեն Սարգսյանը որպես մեղադրյալ ներգրավված չէ:

Նշենք, որ ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Վիգեն Սարգսյանին առնչվող գործն ուղարկվել է ՀՔԾ։ Ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռնարկված նախաքննության ընթացքում բավարար ապացույցների համակցություն է ձեռք բերվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով որպես մեղադրյալ ներգրավելու համար:

Քրեական գործով հիմնավորվել է, որ ՀՀ կառավարության 07.03.2007թ. թիվ 384-Ն որոշմամբ և ՀՀ պաշտպանության նախարարի 19.03.2013թ. թիվ 287 հրամանով ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող տարածքների, բացառությամբ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից հաստատված ցանկում ներառված տարածքների, որոնք ենթակա չեն սեփականության իրավունքով տրամադրման, անհատույց օգտագործման իրավունքով բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին տրամադրման հարցի քննարկման լիազորությունը վերապահված է եղել ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովին, որը պետք է ղեկավարվեր ՀՀ կառավարության 07.03.2007թ. թիվ 384-Ն որոշմամբ, սակայն Երևան քաղաքի Գ.Հասրաթյան փողոցի 25/6 շենքի թվով 71 բնակարաններից 29-ի հատկացումների վերաբերյալ որոշում է կայացրել ՀՀ պաշտպանության նախարարը, և այդ բնակարանների հատկացման հարցն ընդհանրապես չի քննարկվել հանձնաժողովի կողմից, իսկ հանձնաժողովի քննարկման արդյունքում նշված շենքի մի շարք բնակարաններ, ՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ, հանձնաժողովի կողմից հատկացվել են ՀՀ կառավարության վերոնշյալ որոշմամբ սահմանված կարգի խախտմամբ, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել ՀՀ ՊՆ համակարգի մշտական բնակմակերեսի կարիքավոր զինծառայողների իրավունքներին, վերջիններիս և պետության օրինական շահերին:

  • Կիսվել: