շաբաթ, նոյեմբեր 28
28 / 11 / 2026
Պերուում կոկաինի արտադրության շրջանում ուղղաթիռի կործանման հետևանքով ութ զինծառայող է զոհվել

Պերուում կոկաինի արտադրության շրջանում ուղղաթիռի կործանման հետևանքով ութ զինծառայող է զոհվել

Պերուում կոկայի մշակմամբ և թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ հայտնի հեռավոր շրջանում ռազմական ուղղաթիռ է կործանվել։ Զոհվել է ութ զինծառայող։ Միայն օդաչուն է ողջ մնացել, հայտնում է BBC News-ը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը։

Ուղղաթիռը կործանվել է Սանաբամբա բնակավայրի մոտ՝ Ապուրիմակ, Էնե և Մանտարո գետերի հովտում՝ բանակային պարեկախմբի տարհանման ժամանակ։ Հովիտը հայտնի է իսպաներեն VRAEM հապավմամբ։ Ուղղաթիռը ռադարների էկրաններից անհետացել է հինգշաբթի երեկոյան, երբ անձնակազմն արդեն տարհանել էր երեք զինծառայողի։

Պաշտպանության նախարարության տվյալներով՝ որոնողափրկարարական խմբերը հայտնաբերել են ուղղաթիռն ու դրանում գտնվող ինը զինվորականներին։ Ութը զոհվել են։ Ողջ մնացած օդաչու Էնցո Էսպինոսա Ռոկեին տեղափոխել են Լիմա՝ մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար։

Կործանման պատճառները դեռ հայտնի չեն։ Իշխանությունները չեն հայտնել, թե ինչու էր անհրաժեշտ տարհանել բանակային պարեկախմբին։ Տարհանված երեք զինծառայողները նույնպես զոհվել են ավիավթարում։

Պերուի զինված ուժերի միացյալ հրամանատարությունը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին, ընկերներին և ծառայակիցներին։ Հրամանատարության հաղորդմամբ՝ VRAEM հատուկ հրամանատարության զինծառայողները զոհվել են մարտական առաջադրանք կատարելիս։

VRAEM հովիտը, որը հաճախ անվանում են «կոկաինի շրջան», Պերուում կոկայի մշակության խոշորագույն շրջանն է։ Այստեղ գործում են թմրավաճառ խմբավորումներ և «Սենդերո Լումինոսո» («Լուսավոր ուղի») ապստամբական կազմակերպության մնացորդներ։

Սա այս տարի Պերուում զինվորականների մասնակցությամբ առաջին խոշոր ավիավթարը չէ։ Փետրվարին երկրի հարավում Մի-17 ուղղաթիռ էր կործանվել։ Զոհվել էին ուղղաթիռում գտնվող բոլոր 15 մարդիկ։

ՄԱԿ-ի տվյալներով՝ Պերուն Կոլումբիայի հետ կոկայի տերևների և կոկաինի՝ աշխարհի խոշորագույն արտադրողներից է։

  • Կիսվել: