երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Վանո Սիրադեղյանի որդին դեմ է հոր նկատմամբ մահվան հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելուն

Վանո Սիրադեղյանի որդին դեմ է հոր նկատմամբ մահվան հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելուն

Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի որդին դեմ է հոր նկատմամբ 24 տարի առաջ հարուցված քրեական հետապնդումը մահվան հիմքով դադարեցնելուն, գրում է factor.am-ը:

Սիրադեղյանի վերաբերյալ քրեական գործով այսօր տեղի ունեցած դատական նիստին այս մասին ասաց փաստաբան Տիգրան Եգորյանը: Պաշտպանը հայտնեց նաև, որ գործի նյութերի 30 հատորին է ծանոթացել, մյուս մասին դեռևս չի հասցրել ծանոթանալ: Դատավորը որոշեց հետաձգել գործի քննությունը մինչև մայիսի 22-ը: Հիշեցնենք, որ 1999 թվականին Վանո Սիրադեղյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բանդիտիզմի, հրկիզման եղանակով ուրիշի գույքի ոչնչացնելը կազմակերպելու, ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ կապված շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով, այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով երկու կամ ավելի անձանց սպանության կազմակերպման, դրա նախապատրաստության համար։

Որպես խափանման միջոց կիրառվել է անձնական երաշխավորությունը: 2000 թվականին նա պատգամավոր է եղել, և խորհրդարանը նրան անձեռնմխելիությունից զրկելու համաձայնություն է տվել, որից հետո Սիրադեղյանը լքել է Հայաստանը։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նույն թվականի ապրիլին գործն ուղարկվել է դատարան, դրա վարույթը կասեցվել է` մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու պատճառով:

Սիրադեղյանին վերագրվող արարքների մի մասը կոռուպցիոն բնույթ ունեն, ուստի 2022 թվականին՝ այն բանից հետո, երբ ստեղծվել է Հակակոռուպցիոն դատարանը, նրա վերաբերյալ գործն ուղարկվել է այս դատարան: Մեղադրյալի մահը կարող է հիմք լինել նրա վերաբերյալ գործի կարճման համար, սակայն Սիրադեղյանի որդին, փաստորեն, դեմ է այս հիմքով հոր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուն և ակնկալում է, որ նա պետք է արդարացվի։

  • Կիսվել: