չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Տպավորություն է՝ կուլիսային գործարքների մեջ ենք. Փաշինյանը՝ կոռուպցիոն գործերի ձգձգումների մասին

Տպավորություն է՝ կուլիսային գործարքների մեջ ենք. Փաշինյանը՝ կոռուպցիոն գործերի ձգձգումների մասին

Հանրությունը դժգոհ է պետությունից գողացված գույքը վերադարձնելու գործընթացի ընթացքից: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երբ նայում ենք, թե ինչ է արված, մենք ԱՕԿՍ-ի շենքի նման մեկ ձեռքի մատների վրա կարող ենք հաշվել: Այս առիթով ուզում եմ իմ խորը մտահոգությունը հայտնել: Մենք հեղափոխության ժամանակ նաեւ ասել ենք, որ վենդետաների ժանրին չենք դիմելու: Երկրորդ, ասել ենք, որ սեփականության վերաբաշխում թույլ չենք տալու: Մենք բոլոր ջանքերը գործադրել ենք, որ պրոցեսները լինեն դե յուրե հիմնավորված եւ օրենքի դաշտում: Այս ընթացքում մենք մեծ աշխատանք ենք կատարել, էական բարեփոխումներ ենք արել դատաիրավական համակարգում: Ամեն դեպքում, մենք տեսնում ենք, որ կան պրոցեսներ, բայց չկան արդյունքներ:

Ունենք շատ հայտնի կոռուպցիոն գործեր, որոնք գտնվում են դատական գործընթացի մեջ, և տպավորություն ունեմ, որ այդ գործերը կարող են 25 տարի տևել։ Սա մեծ պրոբլեմ է: Սա կարող է տպավորություն թողնել, թե կառավարությունը ինչ-որ կուլիսային գործարքների մեջ է, որի արդյունքում այս ձգձգումները տեղի են ունենում: Մենք ոչ մի գործարքի մեջ չենք, մյուս կողմից չենք կարող չարձանագրել, որ գործեր կան, որ անհասկանալի է, թե ինչպես կարող են դատական գործերն այդքան ձգձգվել»,-ասաց Փաշինյանը:

Նա նաեւ հավելեց, որ տպավորություն կա, որ հնչեղ անուններով հաղորդագրություններ են լինում ու անցնում գնում են. «Չի կարող այս պրոցեսն անվերջ շարունակվել: Ես ակնկալում եմ, որ մենք կառավարության նիստերում այսպօիսի որոշումներ ունենանք, հակառակ դեպքում կստացվի, որ մենք մեր ժողովրդին խաբել ենք»:

  • Կիսվել: