ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Տաշիրի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատողը նպաստառուներից ապօրինի վարձատրություն է ստացել. Հակակոռուպցիոն կոմիտե

Տաշիրի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատողը նպաստառուներից ապօրինի վարձատրություն է ստացել. Հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Տաշիրի տարածքային կենտրոնի ավագ սոցիալական աշխատող Ա. Իսրայելյանի կողմից անապահովության գնահատման համակարգում հաշվառված մի շարք քաղաքացիներից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքեր:
 
Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ա. Իսրայելյանը տարբեր անձանցից ապօրինի վարձատրություն ստանալու դիտավորությամբ իրեն ամրակցված տարածքում բնակվող և անապահովության գնահատման համակարգում ընտանեկան նպաստի իրավունքով հաշվառված 5 անձանց օգտին 2020-2021 թվականների ընթացքում կատարել է ակնհայտ ապօրինի գործողություններ:
 
Մասնավորապես` նրանց ընտանիքների անապահովության սահմանային մեծության միավորից բարձր միավոր ապահովելու նպատակով` նպաստառուների կողմից ներկայացված փաստաթղթերի և կատարված ուսումնասիրության արդյունքներով անտեսել է հերթական փաստագրման համար անհրաժեշտ հիմքերի բացակայության հանգամանքը, նպաստի գործերում և ընտանիքների սոցիալական անձնագրերում չի կատարել համապատասխան փոփոխություններ, հիշյալ ընտանիքներին ներառել անապահովության գնահատման համակարգում, ինչի արդյունքում վերջիններս անհիմն ստացել են ընտանեկան նպաստ: Դրա դիմաց Ա. Իսրայելյանը հիշյալ անձանցից յուրաքանչյուրից 2020-2021 թվականների ընթացքում ստացել է 5-20 հազար ՀՀ դրամի չափով ապօրինի վարձատրություն:
 
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ա. Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-ին հոդվածի (Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը) 2-րդ մասով:
 
Ա. Իսրայելյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
 
 

  • Կիսվել: