ՍԴ-ում շարունակվում է ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը. դատավորները հարցեր են ուղղում կողմերին
Սահմանադրական դատարանը չորրորդ օրն է շարունակում է 2026 թվականի հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը։
Յոթ քաղաքական ուժերն արդեն ներկայացրել են իրենց դիմումները, դիրքորոշումներ են հայտնել նաև պատասխանող կողմը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որպես երրորդ անձ ներգրավված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները, ինչպես նաև իրավապահ կառույցների ներկայացուցիչները։
Հունիսի 29-ին շարունակվող նիստի ընթացքում ՍԴ դատավորները հարցեր են ուղղում կողմերին։
Զեկուցող դատավոր Էդգար Շաթիրյանը դիմող կողմերին հարցեր է ուղղել զինվորականների քվեարկության հետ կապված ներկայացված փաստերի վերաբերյալ։ Նա անդրադարձել է, մասնավորապես, առանձին ընտրատեղամասերում քվեարկության ավարտի սահմանված ժամից՝ ժամը 20։00-ից հետո զինծառայողների քվեարկության շարունակվելու մասին վստահված անձանց արձանագրություններին։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը հայտնել է, որ որոշ տեղամասերում, այդ թվում՝ 35/65 և 10/51 տեղամասերում, ժամը 20։00-ից հետո ընտրատեղամասերի տարածքում դեռ գտնվել են մեծ թվով զինվորականներ, և քվեարկության գործընթացը շարունակվել է։
Ներկայացված տվյալների համաձայն՝ 10/51 տեղամասում ժամը 20։00-ի դրությամբ տեղափոխվել է շուրջ 250 զինվորական, իսկ ժամը 20։50-ի դրությամբ տեղամասում դեռ գտնվել է 52 զինվորական։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը նշել է, որ թեև իրենք ուղղակիորեն պահանջել են անվավեր ճանաչել միայն 12/13 տեղամասի արդյունքները, սակայն զինվորականների մասնակցությամբ ներկայացված դեպքերը դիտարկում են որպես ընտրական գործընթացում համակարգային խախտումների վերաբերյալ փաստարկ։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին հարց է ուղղվել, թե ինչպիսին կլիներ ընտրությունների վերջնական պատկերը, եթե նշված երեք ընտրատեղամասերի արդյունքները չհանվեին ընդհանուր հաշվարկից, և արդյոք այդ դեպքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կհաղթահարե՞ր 4 տոկոսի ընտրական շեմը։
Հովակիմյանը նշել է, որ նման պայմանական հաշվարկներ իրավական տեսանկյունից չեն արվում, քանի որ անվավեր ճանաչված տեղամասերի արդյունքները համարվում են ամբողջությամբ զրոյացված։
Նրա խոսքով՝ եթե տեղամասի ընտրության արդյունքները ճանաչվում են անվավեր, ապա այդտեղ արձանագրված բոլոր քվեները՝ անկախ կուսակցությունների միջև բաշխվածությունից, չեն կարող ներառվել վերջնական արդյունքում։
ԿԸՀ նախագահը նաև ընդգծել է, որ նման դեպքերում հնարավոր չէ խոսել որևէ կուսակցության օգտին տրված ձայների վերականգնման կամ վերահաշվարկի մասին, քանի որ ընտրական օրենսդրությունը նման մեխանիզմ չի նախատեսում։
Դատավոր Էդգար Շաթիրյանը հարցեր է ուղղել նաև «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ Հովհաննես Խուդոյանին և Արծվիկ Մինասյանին՝ քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմումների վերաբերյալ։
Արծվիկ Մինասյանը նշել է, որ դաշինքը ներկայացրել է մոտ 10 վերահաշվարկի դիմում։ Նրա խոսքով՝ բացի այդ, մոտ 30 տեղամասի և երեք ընտրատարածքի մասով ԿԸՀ-ին ներկայացվել են ճշգրտման առաջարկներ և պահանջներ՝ կապված արձանագրություններից տվյալների մուտքագրման ժամանակ արձանագրված տեխնիկական խնդիրների հետ։
ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը դիմող քաղաքական ուժերին հարց է ուղղել ընտրական գործընթացի վրա արտաքին հայտարարությունների հնարավոր ազդեցության վերաբերյալ։ Նա, մասնավորապես, հետաքրքրվել է՝ արդյոք Ռուսաստանի Դաշնության նախագահի և այլ պաշտոնյաների հայտարարությունները կարո՞ղ էին ազդեցություն ունենալ ընտրողների կամարտահայտության վրա, և ինչո՞ւ այդ հանգամանքը ներառված չէ դիմումների փաստարկներում։
ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանն արձագանքել է՝ խնդրելով դադարեցնել տարբեր քաղաքական ուժերի նույնացումը և հստակեցնել հարցի հասցեատիրոջը։ Նա նշել է, որ ԲՀԿ-ի մասով նման փաստարկ չկա։
Դրանից հետո Սեդա Սաֆարյանը հստակեցրել է, որ հարցը վերաբերում է ոչ թե ԲՀԿ-ին, այլ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» դաշինքներին։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հարցրել է՝ ՍԴ դատավորի հարցը իրավակա՞ն, թե՞ քաղաքական բնույթ ունի։ Նա իր հերթին անդրադարձել է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչների հայտարարություններին՝ պնդելով, որ դրանք ևս կարող էին դիտարկվել որպես արտաքին քաղաքական աջակցություն։
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը նշել է, որ իրենց դիմումում նման ձևակերպում չկա և անհասկանալի է համարել քաղաքական ուժերի նույնացումը։ Նրա խոսքով՝ նախընտրական գործընթացի վրա արտաքին հայտարարությունների ազդեցության գնահատումը պետք է հասցեագրվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և իրավապահ մարմիններին։
Սահմանադրական դատարանում ընթանում է Հայաստանում 2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը։ Դիմումներ են ներկայացրել յոթ քաղաքական ուժեր, իսկ գործը քննվում է միավորված ընթացակարգով։
Ընտրությունների արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարել է երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը խորհրդարանում կունենա կայուն մեծամասնություն ու կկարողանա ձևավորել կառավարություն, «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները։ «Քաղաքացիական պայմանագիր»-ը նոր ձևավորվող խորհրդարանում կունենա 64, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29, «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։



