երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
«Սա ի՞նչ կուռաժիտ է». Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելու գործով նիստին իրավիճակը լարվեց

«Սա ի՞նչ կուռաժիտ է». Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելու գործով նիստին իրավիճակը լարվեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, այսօր՝ փետրվարի 16-ին, նախորդ տարվա ապրիլի 26-ին Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում 28-ամյա Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած Ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանի գործով դատական նիստին հարցաքննվել են գործով վկաները, գրում է news.am-ը:

Գործով վկաներից Հովհաննես Մկրտչյանը, որը ոստիկանության աշխատակից է, ցուցմունքի սկսելուն պես չկարողացավ նշել հստակ, թե որ ժամին է անցնելիս եղել նշված հատվածով եւ օգտագործեց «մոտավորապես» բառը:

Այդ բառից վրդոհվեց Սոնա Մնացականյանի հայրը՝ Հարություն Մնացականյանը. «Ես չեմ հասկանում՝ սա ի՞նչ ինքնավստահություն է։ Սա ի՞նչ կուռաժիտ է։ Այս մարդկանց մեջ բարոյականություն չկա՞։ Գալիս եք սենց ինքնավստահ ու գնում եք։ Երիտասարդ կին է մահացել՝ 31 շաբաթական հղիությամբ»:

Իրավիճակն ավելի լարվեց, երբ ամբաստանյալի պաշտպանը տեղից այսպես արձագանքեց. «Պատրաստված եկել եք հա՞»:

«Բարոյականության նորմերը պահի, թե չէ կպահանջեմ, որ մինչեւ ստեղ մտնելը քո խմածությունը որոշեն»,- ասաց տուժողի իրավահաջորդը:

Հարություն Մնացականյանը դիմեց նաեւ ամբաստանյալ Արամ Նավասարդյանի եղբորը, որն արդեն վկայություն էր տվել. «Դուք չեք հասկանո՞ւմ՝ ինչ է կատարվել։ Սա ի՞նչ կուռաժիտ է։ Դուք տեղի արյան լճակը տեսե՞լ եք»։

Դատարանը կողմերին հանդարտեցնելու համար հայտարարեց ընդմիջում:

Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Նշված ավտոշարասյունն ուղեկցելիս է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ մահացած կինը հղի է եղել։

Նշենք, որ գործով ամբաստանյալ Արամ Նավասարյանն ազատության մեջ է:

  • Կիսվել: