Քրեական հետապնդում հարուցել Հանրային հեռուստաընկերության դեմ. Բողոքի ակցիա դատախազության դիմաց
Մի շարք փաստաբաններ և քաղաքական գործիչներ այսօր՝ ապրիլի 3–ին, բողոքի ակցիա են կազմակերպել Գլխավոր դատախազության դիմաց։
Նախապես նրանք հայտարարություն էին տարածել, որտեղ նշված էր. «Պահանջում ենք քրեական հետապնդում սկսել Հանրային հեռարձակման հանձնաժողովի ղեկավարության և Հ1 հանրային հեռուստաալիքի ղեկավարության նկատմամբ, քանի որ նրանք, խախտելով գործող օրենսդրությունը, դարձել են իշխող կուսակցության քարոզչության խոսափող՝ առաջ մղելով այս կուսակցության տեսակետը և ամեն կերպ գովազդելով այն, միաժամանակ սերմանելով անհամաձայնություն և ատելություն Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ, խոչընդոտելով իրական ընդդիմության արտահայտվելուն և անօրինական կերպով լուսաբանելով իշխող կուսակցության նախընտրական քարոզարշավը՝ այդպիսով խախտելով բոլոր հնարավոր օրենսդրական ակտերը»։
Գլխավոր դատախազից պահանջում ենք քրեական վարույթ հարուցել Հանրային հեռարձակող խորհրդի, ինչպես նաև Հեռուսատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից օրենքների խախտման փաստով։ Այս մասին, այսօր Գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց փաստաբան Արայիկ Պապիկյանը։
Նա մանրամասնեց, պահանջում են առնվազն երկու իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկել, քանի որ այդ մարմիններն ու դրանց աշխատակիցները չեն հարգում ՀՀ օրենքները. «Ընդ որում չեն հարգում այն օրենքները, որոնք ընդունվել են Փաշինյանի օրոք, ընդ որում այդ հանձնաժողովներն ի նպաստ իշխանության օգտագործելու համար»,-ասաց փաստաբանը՝ նշելով, որ հանցագործության մասին հաղորդմանը հետևել է «Նժար» հասարակական-քաղաքական ուժի հետազոտությունը։
Ուսումնասիրվել են մեծ լսարան ունեցող ու ամենադիտվող ժամերին հեռարձակվող հաղորդումները, վերլուծության են ենթարկվել դրանց հյուրերը։
«Օրինակ, Պետրոս Ղազարյանի 217 հաղորդումներից (2025թ.) որևէ մեկին Հայ առաքելական սուրբ եկեղեցուց որևէ հոգևորական չի հրավիրվել, սակայն հրավիրվել է 5 կարգալույծ քահանա, 217 հաղորդումներից 136-ը հրավիրվել են ՔՊ ներկայացուցիչներ; Եթե դատախազությունում հետամուտ լինեն, ապա կհարուցեն քրեական գործ ու խորհուրդին ու հանձնաժողովին կենթարկեն պատասխանատվության»,-ասաց Արայիկ Պապիկյանը։



