ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Քնից արթնանալ ու թվերը հիշել չի ստացվում. դատախազը՝ բանակում ինքնասպանությունների մասին

Քնից արթնանալ ու թվերը հիշել չի ստացվում. դատախազը՝ բանակում ինքնասպանությունների մասին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը չկարողացավ հստակ պատասխանել` ինքնասպանության թվերը բանակում աճե՞լ են, թե՞ նվազել, բայց շեշտեց` բոլոր պատճառները վկայում են ոչ կանոնադրային հարաբերությունների մասին։ Այս մասին նա հայտնեց ԱԺ–ում՝ անդրադառնալով բանակում ինքնասպանությունների մասով վիճակագրությանը։

Պատասխանելով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հարցին` Վարդապետյանն ընդգծեց` չի կարող քնից արթնանալ ու անմիջապես անգիր հիշել վիճակագրական տվյալները։

Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ ինքնասպանությունը հանցատեսակ է, որ անգամ մեկ ինքնասպանությունը կարող է ամբողջ բանակի բարեփոխումները ի չիք դարձնել, և պետությունը պետք է ուշադիր լինի խնդրի լուծմանը։

«Բազմաթիվ հանգամանքների հետևանքով է, որ 18 տարին բոլորած երիտասարդը գնում է այդ քայլին։ Մեկն ասում է խաղամոլության հետևանքով է, մեկ այլ մարդ էլ ասում է` սիրած աղջկա պատճառով է կամ բանակում քրեական ենթամշակույթ կա։ Պատերազմից առաջ և հետո ունենք տվյալներ, որ ինքնասպանության նվազում կա բանակում։ Ուզում եմ հասկանալ, թե ինչի՞ արդյունքում է, ի՞նչ է փոխվել, ինչ-որ բա՞ն է դուրս եկել բանակի կառավարման վիճակից»,– նշեց ՔՊ–ական պատգամավորը:

ՀՀ գլխավոր դատախազը վստահ է` պատճառների տեսանկյունից բացահայտումների առումով լատենտայնության խնդիր կա. «Բոլոր պատճառները, որ դուք հնչեցրիք` վկայում են ոչ կանոնադրային հարաբերությունների մասին։ Դրանք ինքնասպանության թիվ մեկ պատճառն են։ Բանակում ինքնասպանություններն ու սպանությունները պետք է դիտարկել նույն շրջանակում, դրանք նույն ագրեսիան են։ Մի դեպքում ագրեսիա է ինքդ քո հանդեպ, մյուս դեպքում էլ՝ դեպի դուրս։ Այս առումով բանակը կարգապահության և կառավարման տեսանկյունից և՛ հեշտ, և՛ բարդ սիստեմ է»,– ասաց Վարդապետյանը։

Նա ընդգծեց` հեշտ է, եթե հիմնված է կանոնադրային հարաբերությունների վրա, և հրամանատարությունը կարողանում է հեղինակություն ունենալ դրանք պահպանելու տեսանկյունից, դժվար է, եթե այդ հարաբերությունները փոխարինվում են քրեական ենթամշակութային օրենքներով, կանոններով, էմոցիոնալ տեսանկյունով և այլն։

  • Կիսվել: