ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Պետք է ցույց տանք ԼՂ խնդրի արդյունքում մարդու իրավունքների խայտառակ վիճակը. Անահիտ Մանասյան

Պետք է ցույց տանք ԼՂ խնդրի արդյունքում մարդու իրավունքների խայտառակ վիճակը. Անահիտ Մանասյան

Կարևոր է միջազգային գործընկերների հետ աշխատանքը, որպեսզի կարողանանք ցույց տալ ԼՂ խնդրի արդյունքում մարդու իրավունքների խայտառակ վիճակը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստում իր թեկնածության հարցի քննարկման ժամանակ նշեց ՔՊ-ի կողմից ՄԻՊ-ի թեկնածու առաջադրված Անահիտ Մանասյանը:

«Մարդու իրավունքների պաշտպանի գործիքակազմը կարող է կարևոր գործիք լինեն արցախյան հիմնախնդրի հարցում մարդու իրավունքների խախտումները վերացնելու հարցում։ Հիմնախնդրի արդյունքում ունենք կյանքի, սեփականության իրավունքի խախտումներ։ Իմ բոլոր հնարավորությունները, նաև փաստահավաք առաքելության ու միջազգային գործընկերների հետ կապերի միջոցով, օգտագործելու եմ խախտումները լուծելու համար»,–ասաց Մանասյանը։

Նրա խոսքով` այդ խնդիրների լուծմանը հիմա էլ ներգրավված է, սակայն «առանց հատուկ գովազդային վահանակների»։ Մանասյանը նշեց, թե շատ ընտանիքներ ունեն լուրջ հոգեբանական աջակցության կարիք.

«Շատ կարևոր եմ համարում միջազգային գործընկերների հետ աշխատանքը, որպեսզի կարողանանք ցույց տալ այն ամբողջ հումանիտար ճգնաժամը, մարդու իրավունքներին վերաբերելի այն խայտառակ վիճակը, որն ունենք այս փուլում»։

Հայտնել էինք, որ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել են Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի, իսկ իշխանական «Քաղաքացիական պայմանագիրը»` հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի թեկնածությունը։

Հանձնաժողովում Էդգար Ղազարյանին արդեն իսկ ներկայացրել են, այժմ հերթն Անահիտ Մանասյանինն է։

  • Կիսվել: