ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Անահիտ Մանասյանը մեկնաբանել է խոսակցություններն արդարադատության նախարարի պաշտոնում իր թեկնածության վերաբերյալ

Անահիտ Մանասյանը մեկնաբանել է խոսակցություններն արդարադատության նախարարի պաշտոնում իր թեկնածության վերաբերյալ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ճիշտ չի համարում պատասխանել հարցին` կհամաձայնի՞ նշանակվել Արդարադատության նախարար, եթե առաջարկ ստանա, թե ոչ:

«Այս հարցին, համենայնդեպս, այս փուլում պատասխանելը ոչ մարդկային էթիկայի տեսանկյունից, ոչ էլ մասնագիտական տեսանկյունից ճիշտ չէ»,-ասաց նա կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

«Ես համարում եմ, որ ես այս պահին այնտեղ եմ, որտեղ պետք է լինեմ, շատ մեծ պատասխանատվությամբ ու հաճույքով կատարում եմ ՄԻՊ առաքելությունը»,-  ասաց Մանասյանը:

Հարցին` ոլորտը շա՞տ կտուժի, եթե ՔՊ-ական Արփի Դավոյանը նշանակվի նախարար` ՄԻՊ-ն արձագանքեց. «Կխնդրեմ այս հարցի վերաբերյալ այլ հարցեր չտալ, որևէ այլ մեկնաբանություն չեմ ունենալու»:

Անդրադառնալով տեղեկություններին, որ արդարադատության նախարարի պաշտոոնում իր թեկնածությունը լոբբինգ է անում իր ընկերուհի Աննա Վարդապետյանը, Անահիտ Մանասյանն ասաց. «Ընդհանրապես կոռեկտ չեմ համարում այն ձեւակերպումները, այն հարցադրումները, որոնց ձեւաչափով տրվում են հարցերը: Այս փուլում որեւէ մեկնաբանություն չունեմ»:

Հոկտեմբերի 1-ին Գրիգոր Մինասյանը հրաժարական էր տվել արդարադատության նախարարի պաշտոնից։ Իշխող քաղաքական թիմը մինչ այս պահը որոշում չունի նախարարի պաշտոնում նոր թեկնածուի վերաբերյալ։ Հոկտեմբերի 9-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղորդագրություն էր տարածել, որ կուսակցության վարչության նիստում, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քննարկվել են կադրային հարցեր։ 

 

  • Կիսվել: