երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Փայտանյութով բեռնված երկու մեքենա տեղափոխվել է Գորիսի բաժին. Վարորդներից մեկը եղել է ոչ սթափ

Փայտանյութով բեռնված երկու մեքենա տեղափոխվել է Գորիսի բաժին. Վարորդներից մեկը եղել է ոչ սթափ

Հոկտեմբերի 15-ին Սյունիքի մարզի «Որոտան 1» անցակետում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, կանգնեցվել է Գորիս քաղաքի 57-ամյա մի բնակչի վարած «Նիսան Ֆրոնտիեր» մակնիշի ավտոմեքենան: Թափքում հայտնաբերվել է բոխու և այլ ծառատեսակի 2 խորանարդ մետր փայտանյութ:

Ոստիկանությունից հայտնում են, որ տղամարդը հայտնաբերվածի օրինականության վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել Խոտանան գյուղի հարակից անտառից:

Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Հոկտեմբերի 17-ին ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ոստիկանները Տաթև-Հալիձոր ճանապարհահատվածում կանգնեցրել են Շինուհայր գյուղի 50-ամյա բնակչի վարած «ԳԱԶ-52» մակնիշի բեռնատարը: Թափքում մոտ 8 խորանարդ մետր բոխու փայտ կար: Տղամարդը իրավապահներին հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել Բարձրավան գյուղի անտառից, իսկ օրինականության վերաբերյալ փաստաթուղթ չունի:

Պարզվեց նաև, որ 50-ամյա շինուհայրցին մեքենան վարել է ոչ սթափ վիճակում և չունի վարորդական իրավունքի վկայական:

Բեռնատարը տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Երկու դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

  • Կիսվել: