Տավուշում «ԶԻԼ»-ով փայտանյութ տեղափոխող վարորդը, նկատելով էկոպարեկներին, սկսել է բեռնաթափել այն. դեպքի հանգամանքները պարզվում են
Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Բերդի տեղամասի ծառայողները սեպտեմբերի 10-ին հսկողական և կանխարգելիչ միջոցառումների ընթացքում անտառային տարածքում նկատել են «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենա։
Էկոպարեկները դրոնի միջոցով հետևել են ավտոմեքենայի տեղաշարժին։ Ըստ ծառայության՝ ընթացքում արձանագրվել է, որ վարորդը, նկատելով ծառայողների ներկայությունը, սկսել է բեռնաթափել ավտոմեքենայում առկա փայտանյութը։
Ծառայողները միջոցներ են ձեռնարկել փայտանյութի գտնվելու վայրը և դեպքի հետ կապված հանգամանքները փաստագրելու համար։
Էկոպարեկային ծառայողների իրականացրած աշխատանքների արդյունքում ենթադրյալ իրավախախտը փայտանյութը կրկին բեռնել է ավտոմեքենան և տեղափոխել Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Բերդի տեղամաս։
Նախնական տվյալներով՝ հայտնաբերված փայտանյութի ծավալը շուրջ 3 խմ է։ Ներկայում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, փայտանյութի ծագումը ճշտելու և պատճառված վնասի չափը հաշվարկելու ուղղությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում.



