ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի անդամները մասնակցել են Կառավարության նիստին

Պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի անդամները մասնակցել են Կառավարության նիստին

Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի անդամներից 13-ը Պաշտպան Անահիտ Մանասյանի հետ այսօր՝ նոյեմբերի 23-ին, մասնակցել են Կառավարության նիստին։ 

Երիտասարդներն ու երեխաներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղել են գործադիրի ղեկավարին և անդամներին։ 

Մասնավորապես բարձրաձայնվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տրամադրվող օգնությանը, բնակարանային տարածքների տրամադրմանը, տների վաճառքի և վարձակալության գներին, էլեկտրոնային հարթակներից օգտվելու մատչելիությանը, «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակներում մասնավոր համալսարանների և կրթական հաստատությունների առկայությանը, ուսումնական հաստատություններում հաշմանդամություն ունեցող երեխաների համար պայմանների ապահովմանը, այդ թվում՝ թեքահարթակների առկայությանը վերաբերելի և մի շարք այլ հարցեր։

Նիստին մասնակցել է նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը։ 

Երեխաների մասնակցությունը նիստին խորհրդանշական է: Այն նվիրված էր նոյեմբերի 20-ին նշվող երեխաների իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման օրվան։

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է երեխաների և երիտասարդների ակտիվ մասնակցությունն իրենց իրավունքների պաշտպանության և որոշումների կայացման գործընթացում:

Այդ նպատակով Պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի անդամները պարբերաբար քննարկումներ են ունենում Պաշտպանի և աշխատակազմի հետ, ներկայացնում իրենց հուզող հարցերն ու խնդիրները, երեխաների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերի վերաբերյալ դիտարկումները։

  • Կիսվել: