շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պարզվում են Արտաշատում երեխաների թունավորման դեպքի հանգամանքները, պատճառները, բնույթը, եղանակը. ՔԿ

Պարզվում են Արտաշատում երեխաների թունավորման դեպքի հանգամանքները, պատճառները, բնույթը, եղանակը. ՔԿ

Արտաշատում տասնյակից ավելի երեխաների առերևույթ սննդային թունավորման դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել, պարզվում են հանգամանքները։

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՔԿ նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը.

«Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ․ մայիսի 18-ին թունավորված վիճակում Արտաշատ քաղաքի թիվ 4-րդ մանկապարտեզի մի քանի սան տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն։ Նույն օրը երեկոյան նաև Արտաշատի Բ/Կ-ից է հաղորդում ստացվել, որ սննդային թունավորում ախտորոշմամբ իրենց մոտ են ընդունվել թվով 14 երեխաներ:

Պարզվել է, որ երեխաները բուժհաստատություն հիմնականում սկսել են տեղափոխվել նույն օրը՝ ժամը 15:30-ից սկսած, մանկապարտեզից տուն վերադառնալուց հետո։

Դեպքի առթիվ մայիսի 19-ին ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները, երեխաների թունավորման պատճառները, բնույթը, եղանակը պարզելու ուղղությամբ։

Արտաշատ քաղաքի թիվ 4-րդ մանկապարտեզից վերցվել են սննդի և ջրի նմուշներ, սննդի առաքման փաստաթղթերը և պահպանման մատյանները:

Նշանակվել է դատասննդային, դատանյութագիտական և դատաբժշկական համալիր փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Հիվանդանոց տեղափոխված երեխաների վիճակը, նախնական տվյալներով, բավարար է, նրանցից մի քանիսն արդեն դուրս են գրվել բուժհաստատությունից»։

  • Կիսվել: