երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պարեկներն ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել

Պարեկներն ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել

Օրերս Շիրակի մարզի պարեկները Երևան-Բավրա ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են Աբովյան քաղաքի 32-ամյա բնակչի վարած «Պեժո» մակնիշի ավտոմեքենան: Համաքաղաքացի ուղևորը պարեկներին հայտնել է, որ մոտը թղթե փաթեթով թմրանյութ ու կաթուցիչ կա:

Տղամարդիկ ձերբակալվել ու տեղափոխվել են ոստիկանության Անիի բաժին, իսկ մեքենան՝ բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ուղևորի մոտ հայտնաբերվել են կանեփանման զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչ: Նա հայտնել է, որ թմրանյութը պատրաստել է վայրաճ բույսերից՝ անձնական օգտագործման համար:

Դեկտեմբերի 6-ին Գեղարքունիքի պարեկները Սևան քաղաքի Նաիրյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են 27-ամյա մի երիտասարդի վարած «ՎԱԶ-211440» մակնիշի ավտոմեքենան: Սրահի տեսանելի մասում նրանք նկատել են մոխրացած դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ: Վարորդը և ուղևորը թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժին, իսկ մեքենան՝ բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Արմավիրի մարզի պարեկները դեկտեմբերի 6-ին Էջմիածնի Զվարթնոց թաղամասում ստուգման նպատակով կանգնեցրել են Արագածի 26-ամյա բնակչի վարած «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան: Վարորդը կասկածելի վարքագիծ է դրսևորել: Պարեկները թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով նրան ձերբակալել ու տեղափոխել են ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ: Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է:

Բոլոր դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

  • Կիսվել: