երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ոստիկանները «Պոլիգրաֆում» բռնություն են գործադրե՞լ. ՆԳ փոխնախարարը մանրամասներ հայտնեց

Ոստիկանները «Պոլիգրաֆում» բռնություն են գործադրե՞լ. ՆԳ փոխնախարարը մանրամասներ հայտնեց

Երեւանյան ակումբերից մեկում («Պոլիգրաֆ» ակումբ-խմբ ) վերջերս գործողություն էր իրականացրել ոստիկանությունը, ենթադրաբար թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի շրջանակներում. քննարկման ենթակա չէ փաստը, որ հանցավորության դեմ պայքարը պետք է կոշտ բնույթ կրի եւ մենք բոլոր ջանքերը պետք է ներդնենք այդ ուղղությամբ, բայց դա երբեք չպետք է ուղեկցվի բռնությամբ: Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, ԱԺ-ում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանը:

Նա դիմելով ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանին, ասաց. «Սոցցանցերում տարածվել են տեսանյութեր, լուսանկարներ, տեքստեր, որտեղ նաեւ աշխատակիցները պատմում են իրենց հանդեպ ենթադրյալ  բռնության մասին: Դուք տեղեկություններ ունե՞ք այդ վկայությունների մասին, եւ եթե այո, որեւէ գործողություն նախաձեռնվե՞լ է, թե որքանով են դրանք օրինաչափ եղել ոստիկանության կողմից»:

Ի պատասխան փոխնախարարն ասաց. «Մենք հայտարարել ենք, որ հատկապես 2023 թվականը թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի տարի է: Այս ուղղությամբ ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում մեր բոլոր ստորաբաժանումների կողմից: Ակումբները, այս տեսանկյունից բացառություն չեն: Փորձը ցույց է տալիս, որ հատկապես այդպիսի հաստատություններում շատ ավելի բարձր է ռիսկը թմրամիջոցների շրջանառության:

Ինչ վերաբերում է բռնությանը, եթե լինի այնպիսի անհամաչափ ուժի կիրառում, որը կենթադրի պատասխանատվություն ծառայողի կողմից, ապա դա անպայման վրա կհասնի: Այս պահին ես կդժվարանամ ասել՝ համաչափ է եղել ուժի կիրառումը, կամ բռնություն եղել է, թե ոչ, բայց վստահեցնում եմ, որ մենք առերեւույթ զոհերից ունենում ենք հաղորդումներ եւ ըստ այդմ, ոստիկանությունն իր իրավասության շրջանակներում, իսկ հետագայում նաեւ քննչկան մարմիններն իրենց իրավասության շրջնակներում համապատասխան արձագանք են ապահովում:

Եթե  լինեն հիմքեր ծառայողական քննության, ապա դա եւս կիրականացվի: Եթե եղել է իշխանազանցում, ապա հմաձայն եմ, որ այստեղ անելիք ունենք»:

Զարոհի Բաթոյանն էլ հավելեց, որ ինքը նաեւ գրավոր հարցում կուղարկի ՆԳ նխարարություն, որպեսզի հետեւողական լինեն հասկանալու համար՝ եղել է արդյոք բռնություն, թե ոչ, եւ եթե չի եղել, ստվեր չգցեն բարեփոխումների վրա:

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 23-ին, որի վերաբերյալ «Պոլիգրաֆ» ակումբը հանդես է եկել հայտարարությամբ՝ մասնավորապես, նշելով. «Գիշերը ժամը 1-ի մոտակայքում, ՀՀ ոստիկանությունը առանց որևէ իրավական հիմք ներկայացնելու ներխուժել է Պոլիգրաֆ: Ակումբում բոլորին պառկացրել են հատակին և բռնի ուժով տարել ոստիկանական բաժանմունք։ Մեր աշխատակազմն ու այցելուները ենթարկվել են դաժան ծեծի և խուզարկվելու համար մերկացվել ոստիկանության բաժնում։

Մենք արդարություն ենք պահանջում բոլոր տուժածների համար։

Պահանջում ենք, որ Poligraf-ի ապօրինաբար պլոմբված դռները բացվեն»:

  • Կիսվել: