կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ոստիկանները կանեփ աճեցնելու և ապօրինի թմրանյութ պահելու դեպքեր են բացահայտել

Ոստիկանները կանեփ աճեցնելու և ապօրինի թմրանյութ պահելու դեպքեր են բացահայտել

Ոստիկանությունը շարունակում է թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը: Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները բացահայտել են կանեփ աճեցնելու և թմրանյութ պահելու մի քանի դեպք:

Օգոստոսի 24-ին բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Արաքս գյուղի բնակիչ, 54-ամյա մի տղամարդ տանը կից հողամասում կանեփ է աճեցնում: Նշված հասցե մեկնած ոստիկանները ակնհայտ տեսանելի վայրում նկատել են 10-ից ավելի կանեփի թուփ: Տղամարդը իրավապահներին է ներկայացրել պլաստիկ տարայում լցված 5 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգված: Իսկ հողամասում հայտնաբերվել է կանեփանման 20 բույս: Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է:

Ապօրինի թմրանյութ պահելու և կանեփ աճեցնելու մասին հերթական տեղեկությունը ստացվեց սեպտեմբերի 4-ին: Ոստիկանները տեղեկությունների հետքերով մեկնեցին Մերձավան գյուղ: Նշված հասցեում ակնհայտ տեսանելի վայրում իրավապահները նկատել են կանեփի չորացրած ճյուղ: Տանտերը՝ մերձավանցի 50-ամյա բնակիչը ներկայացրել է մոտ 10 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգված, հայտնաբերվել է նաև կանեփանման մեկ բույս:

Սեպտեմբերի 6-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի և ՊՊԳՎ աշխատակիցները ապօրինի կանեփ աճեցնելու և թմրանյութ պահելու մասին տեղեկության հետքով մեկնել էին Էջմիածնի Նոր Եվդոկիայի փողոց: Հասցեի 65-ամյա բնակիչը իրավապահներին է ներկայացրել մոտ 50 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգված, իսկ տան կից հողամասից հայտնաբերվել է կանեփի մեկ բույս: Տղամարդը հայտնել է, որ այն ինքն է աճեցրել՝ թմրանյութ պատրաստելու համար:

Հոկտեմբերի 2-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները տեղեկություններ են ստացել, որ Ծաղկունք գյուղի 42-ամյա բնակիչներից մեկն անձնական հարցերով վիճաբանել է մի պատանու հետ, ձեռքով հարվածներ հասցրել նրա դեմքին, քաշքշել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Բացի այդ, նրանք հավաստի տեղեկություններ ունեին, որ նա կանեփ է աճեցնում ու ապօրինի թմրանյութ պահում: Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են նաև, որ 42-ամյա տղամարդը պարբերաբար ծեծի է ենթարկում դստերը, կնոջը և որդուն: Տղամարդը իրավապահներին է ներկայացրել պլաստիկ տարայում լցված 76 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգված և 2 փաթեթ՝ ընդհանուր 16 գրամ քաշով, իսկ հողամասից հայտնաբերվել է կանեփանման 1 բույս:

Նույն օրը տղամարդը ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Բոլոր դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

 
 

  • Կիսվել: