«Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում». Մարդու իրավունքների պաշտպանը մեկնարկում է նոր նախագիծ
«Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում». Մարդու իրավունքների պաշտպանը մեկնարկում է նոր նախագիծ, որի գլխավոր նպատակն է լսելի դարձնել երիտասարդների ձայնը և նրանց հետ համատեղ հաղթահարել իրավունքների ոլորտին առնչվող մարտահրավերները։
ՄԻՊ–ից հայտնում են, որ համարձակ ու մարդու իրավունքներով հետաքրքրված, նոր փոփոխությունների համար բաց և դրանց ուղղությամբ աշխատող. այսպիսին է նախագծի առաջին մասնակիցը` եզդիական համայնքը ներկայացնող, դպրոցական Քրիստինե Հասոյանը Արմավիրի մարզից։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Քրիստինեին հանդիպել է հերթական մարզային այցի շրջանակներում՝ Արմավիրի մարզի Զարթոնք բնակավայրում: Հանդիպման ընթացքում Քրիստինեին հետաքրքրող հարցը վերաբերում էր իր համայնքում փոփոխություններ բերելու հնարավորություններին, մասնավորապես, աղջիկների կրթության իրավունքի երաշխավորմանը, այդ առումով առկա խոչընդոտների հաղթահարմանը, վաղ և հարկադիր ամուսնությունների կանխարգելմանը և այլն:
Մարդու իրավունքների պաշտպանը վստահ մեր միջավայրում փոփոխությունները հնարավոր են յուրաքանչյուրիս ակտիվ ներգրավմամբ ու այնպիսի խնդիրների բարձրաձայնման համարձակությամբ, որոնք շոշափելու համար հիրավի անհրաժեշտ է խիզախություն:
Այս հանգամանքները նկատի ունենալով է Պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել Քրիստինեի ներգրավումը նախագծի շրջանակներում:
«Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը լինելու է շարունակական։
Եթե երիտասարդ ես՝ աշակերտ կամ ուսանող, և վստահ ես, որ ուզում ես պատասխանատվություն ստանձնել հասարակությունում առկա մարտահրավերները բարձրաձայնելու և հաղթահարելու գործում, ապա նախագծի հաջորդ մասնակիցը կարող ես լինել հենց դու։
Մասնակիցները հնարավորություն են ունենալու անմիջականորեն ծանոթանալու Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը, ներգրավվելու աշխատանքային գործընթացներում, բարձրաձայնելու իրավունքներին առնչվող` մեր միջավայրում առկա խնդիրները և առաջարկելու դրանց համար լուծումներ։ Սա նաև հարթակ է՝ զարգացնելու իրավական գիտելիքները, ձեռք բերելու նոր փորձառություն և դառնալու ավելի ակտիվ ու իրազեկ քաղաքացի։
Ուղարկիր մոտիվացիոն նամակ և պատմիր քո մասին՝ նշելով թե ինչո՞ւ հենց դու պետք է լինես նախագծի հաջորդ մասնակիցը։ Նամակների ուսումնասիրությունից հետո ընտրված մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի:
Քո պատմությունն ուղարկիր՝ [email protected] հասցեին:


