հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
«Որդիների կանչ» ՀԿ-ն հաղորդագրություն է տարածել՝ դիմելով զոհված զինծառայողի մոր գործով դատավորին

«Որդիների կանչ» ՀԿ-ն հաղորդագրություն է տարածել՝ դիմելով զոհված զինծառայողի մոր գործով դատավորին

«Որդիների կանչ» ՀԿ-ն հաղորդագրություն է տարածել՝ հրապարակելով զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանեի գործով դատավորի լուսանկարը:

«Ծանոթացեք, այս երիտասարդը՝ Ժորա Չիչոյանն է, որն էլ դատելու է հերոս Ժորա Մարտիրոսյանի մայր՝ Գայանեին։

Լիահույս ենք, որ սա զուտ պատահականություն է, որ դատավորը կրում է Գայանեի հերոս որդու անունը…

Հարգելի դատավոր, քեզ են դիմում մի խումբ հերոսների ընտանիքներ ու ասեմ, որ մենք շա՜տ-շատ ենք…

ՑՈՒՅՑ ՏՈՒՐ, ՈՐ ԴԵՌ ՀԱՅԻ ԳԵՆԸ ՉԻ ՄԵՌԵԼ ՑՈՒՅՑ ՏՈՒՐ ՈՒ ԱՊԱՑՈՒՑԻՐ, ՈՐ ՏՂԱՄԱՐԴ ԵՍ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 17-ին, վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» տեղեկություն էր տարածել, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առեւանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետեւանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետեւից ընթացող մեքենան:

Աշոտ Փաշինյանը դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացրել: Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարդուն առեւանգելու հոդվածով, ձերբակալվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։

Նշենք, որ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ Գայանե Հակոբյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան շտապօգնության մեքենայով եւ ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Առավոտյան հայտնի դարձավ, որ Գայանե Հակոբյանը «Էրեբունի» ԲԿ–ից տեղափոխվել է ձերբակալվածներին պահելու վայր:

 

  • Կիսվել: