ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՆԳ փոխնախարարների հանդեպ ԿԿՀ-ում վարչական վարույթ կհարուցվի․  «Հետք»

ՆԳ փոխնախարարների հանդեպ ԿԿՀ-ում վարչական վարույթ կհարուցվի․ «Հետք»

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) ներքին գործերի նախարարի տեղակալներ Կամո Ցուցուլյանի և Դավիթ Համբարյանի չհայտարարագրված բաժնեմասերի մասին «Հետքի» հրապարակումների հիման վրա՝ վարչական վարույթ կհարուցի։ Այս մասին «Հետք»-ի մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։

Հիշեցնենք՝ այս տարվա հունվարին հրապարակած մեր հոդվածներում գրել էինք, որ ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը չի հայտարարագրել «Կենցաղսպասարկում» ՍՊԸ-ում ունեցած իր 67% բաժնեմասը։ ՆԳ նախարարի մյուս տեղակալ Դավիթ Համբարյանն էլ չէր հայտարարագրել «Դ-Արտ» ՍՊԸ-ում ունեցած իր 50% բաժնեմասը։

ԿԿՀ-ն հայտնել է, որ «Հետքի» հրապարակումներից հետո սկսել են ներքին գործերի փոխնախարարների հայտարարագրերի համալիր վերլուծություն։ Կամո Ցուցուլյանի վերաբերյալ հանձնաժողովը պարզել է, որ նա 2021 թվականի տարեկան հայտարարագրի «Արժեթղթեր և այլ ներդրումներ» բաժնում չի հայտարարագրել «Կենցաղսպասարկում» ՍՊԸ-ում իր ունեցած 67% բաժնեմասը: 

Կամո Ցուցուլյանը հանդիսանում է շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող պաշտոնատար անձ և 2021թ․ տարեկան հայտարարագրում, ըստ ԿԿՀ-ի, պարտավոր էր «Կենցաղսպասարկում» ՍՊԸ-ում իր մասնակցության, ինչպես նաև գույքը հավատարմագրային կառավարման հանձնված լինելու մասին տվյալներ ներկայացնել, որը փոխնախարարը չի արել։

Դավիթ Համբարյանի մասին հոդվածի վերաբերյալ էլ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ընդգծել է, որ Համբարյանը 2018 թվականի սեպտեմբերի 18-ից մինչև 2023թ․ փետրվարի 6-ը հանդիսանալով «Դ-Արտ» ՍՊԸ-ի 50% բաժնեմասի սեփականատեր, պարտավոր էր 2021թ․ պաշտոնի ստանձնման և տարեկան հայտարարագրերում ներառել դրա մասին տեղեկատվությունը։ Միևնույն ժամանակ ԿԿՀ-ն տեղեկացրել է, որ Համբարյանը ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնելուց մեկ ամիս անց՝ «Դ-Արտ» ՍՊԸ-ի 50% բաժնեմասը վաճառել է։ 

Այսպիսով, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ներքին գործերի փոխնախարարներ Կամո Ցուցուլյանին և Դավիթ Համբարյանին հրավիրել է մասնակցելու վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրության կազմմանը, որին հաջորդելու է վարչական վարույթը։ 

Հիշեցնենք՝ Կամո Ցուցուլյանն ու Դավիթ Համբարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ Ներքին գործերի նախարարի տեղակալներ են նշանակվել 2023թ․ հունվարի 9-ին։ Իսկ մինչ այդ Ցուցուլյանը զբաղեցնում էր ՀՀ ոստիկանության պետի տեղակալի, իսկ Համբարյանը՝ արտակարգ իրավիճակների փոխնախարարի պաշտոնը։

  • Կիսվել: