ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՄԻՊ ինստիտուտը սկսել է ազատ գործել  թավշյա հեղափոխությունից հետո. Վարդանյան

ՄԻՊ ինստիտուտը սկսել է ազատ գործել թավշյա հեղափոխությունից հետո. Վարդանյան

Հայաստանում Մարդու իրավուքների պաշտպանի ինստիտուտի ներդրումը հեշտ չի անցել։ Այս մասին այսօր խորհրդարանում ՄԻՊ-ի 2019 թվականի զեկույցի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

Նրա խոսքով, որևէ ավտորիտար երկրում ՄԻՊ-ի ինստիտուտ ստեղծելը շատ բարդ գործընթաց է։ Ըստ նրա, ՄԻՊ-ի ինստիտուտը վերջնականապես իր թևերն է բացել և սկսել է ազատ գործել միայն թավշյա հեղափոխությունից հետո։

«Եթե ուսումնասիրենք մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի գործունեությունը, ապա կտեսնենք, թե ինչպես է ՄԻՊ-ը առավել անկաշկանդ և ազատ իր լիազորությունների շրջանակում սկսել իրականացնել իր գործունեությունը»,- ասաց նա:

Վլադիմիր Վարդանյանի խոսքով, ՄԻՊ-ը պետք է պաշտպանի բոլորին, առանց խտրականության, պաշտպանի բոլոր նրանց, ովքեր ունեն պաշտպանության կարիք, բայց և այն լիազորությունների շրջանակում, որը վերջինիս վերապահել է Սահմանադրությունը։

Նա նշեց, որ չի կարող չանդրադառնալ այն իրավիճակներին, որոնց բախվում են Եվրոպական տարբեր երկրներում։ «Մեր ձախ և աջ կողմերում գտնվող հարևանների պարագայում, եթե ուսումնասիրեք օմբուդսմենների պրակտիկան, ապա օմբուդսմենը ո՛չ ավելի, ո՛չ պակաս դիտվում է որպես գործող իշխանության ներկայացուցիչ ևսատար»,-  ասաց պատգամավոր՝ հավելելով, որ խոսքը Թուրքիայի և Ադրբեջանի մասին է։

Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ երբ տարբեր տեղերից աղաղակում են՝  որ Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը հասել է մի քանի հազարի, Ադրբեջանական օմբուդսմենը լռում է ևասում՝ մեր մոտ մարդու իրավունքների խնդիր չկա։

Դիմելով գործընկերներին՝ նա ասաց, որ աննորմալ է, երբ Մարդու իրավունքների պաշտպանը գալիս է համապատասխան երկրի խորհրդարան և ասում, որ այդ երկրում մարդու իրավունքների պաշտպանության հարցում որևէ խնդիր չկա։ Ըստ նրա, դա համար մեկ խնդիրն է և վկայում է այն մասին, որ այդ երկիրն ունի լրջագույն խնդիրներ։

«Ես ուրախ և հպարտ եմ, որ այստեղ՝ այս ամբիոնից ՄԻՊ-ը խոսում է ՀՀ-ում առկա խնդիրների մասին»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ պարզապես աննորմալ կլինի, երբ ՄԻՊ-ի ելույթն ԱԺ-ում արժանանա ծափողջույնների և հարցեր չհնչեն։

Վլադիմիր Վարդանյանը նշեց նաև, որ ՄԻՊ-ը պետք է պաշտպանի բոլորի իրավունքները, սակայն հասարակության մեջ կան խոցելի խմբեր, իրավիճակներ, երբ ՄԻՊ-ի դերակատարությունը շատ ավելի կարևոր է:

«Եվ այդ հարցերի վրա կենտրոնացումը չի նսեմացնում այն դերակատարությունը, որ վերջինս պետք է ունենա: Դրական խտրականությունը չի քննադատվում և չպետք է քննադատվի: Այո, մենք պետք է ընդունենք՝ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ պաշտպանության կարիք ունի, քան խորհրդարանական իշխանությունը»,- ասաց  Վլադիմիր Վարդանյանը՝ հավելելով, որ իրենց քաղաքական ուժը ևս եղել է ընդդիմություն, և չեն ուզում, որ իրենց նկատմամբ վերաբերմունքը կրկնվի ներկայիս ընդդիմության նկատմամբ:

Նա նաև հիշեցրեց, որ հեղափոխության թեժ օրերին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նույն կերպ և շատ ակտիվ այցելում էր այն ժամանակվա դեռ ընդդիմությանը, այն անձանց, որոնք այդ օրերին ապօրինաբար զրկվել էին ազատությունից:

Նա ՄԻՊ-ին հորդորեց, որ ցանակցած անձի, որն ապօրինի ոչ իրավաչափ ձևով կհայտնվի ազատազարկման վայրում, այցելի և կատարի ՄԻՊ-ի սահմանադրական պարտավորությունները:

Անդրադառնալով ՄԻՊ-ի և ԱԺ-ի՝ վերջին տարիների համագործակցությանը՝ Վլադիմիր Վարդանյանը ամբողջ խորհրդարանի անունից շնորհակալություն հայտնեց Արման Թաթոյանին ակտիվ համագործակցության համար։

 «Մենք պատրաստ ենք գնալ առաջ, որովհետև, ինչպես ասել եմ բազմիցս, ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է, ժողովրդավարությունը Հայաստանում այլընտրանք չունի»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը։

Նշենք, որ Արման Թաթոյանն իր ելույթում անդրադառնալով պատգամավորի ելույթին, նշեց, որ  ՄԻՊ-ը միշտ է եղել անկաշկանդ: «Ես միշտ եմ իր գործողություններում եղել ազատ, անկաշկանդ: 2018 թվականի ապրիլ-մայիսի իրադարձությունների հետևանքով իրավիճակը փոփոխության պատճառով մեր աշխատանքը սկսվեց նաև շատ երևալ»,-ասաց նա։

  • Կիսվել: