Ավանեսյանն անդրադարձել է Շիրակի մարզի առողջապահական հաստատություններում իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքներին
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մարզային այցի հաջորդ կանգառը Շիրակն էր։
Մարզպետ Մուշեղ Մուրադյանի, մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել Շիրակի մարզի առողջապահական հաստատություններում իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքներին, պոլիկլինիկաների շենքային պայմանների բարելավմանը միտված ծրագրերին, իմունիզացիայի գործընթացին, էլեկտրոնային դեղատոմսերի ներդրմանն առնչվող հարցերին։
Այնուհետև պատասխանատուներն այցելել են «Հանրապետական շտապօգնության ծառայության» Շիրակի մարզային Գյումրի կայան, որտեղ ներկայացվել է նոր ներդրվող կենտրոնացված ծառայության աշխատանքները, կարևորվել է միասնական շտապ բժշկական օգնության ծառայության արագ արձագանքումը, մարզի տարածքում շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչերի սպասարկումն առավել օպերատիվ և օպտիմալ կազմակերպման առանձնահատկությունները։
Նախարարը այցելել է նաև «Գյումրու բժշկական կենտրոն»։ Կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանի ուղեկցությամբ պատասխանատուները շրջել են մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում, որտեղ ներդրվել է արհեստական սերմնավորման կաբինետ։
Այնուհետև շրջել են նոր վերանորոգված ինֆեկցիոն բաժանմունքում, որից հետո հետևել են բժշկական կենտրոնում իրականացվող ներքին և արտաքին հարդարման աշխատանքներին. այդ նպատակին ՀՀ Կառավարությունը հատկացրել է 163 մլն դրամ։