երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ագրեսիա Արցախի դեմ, ուժայինների գործադրած խոշտանգումներ, սպանություններ. ԱՄՆ Պետդեպն Ադրբեջանի վերաբերյալ զեկույց է հրապարակել

Ագրեսիա Արցախի դեմ, ուժայինների գործադրած խոշտանգումներ, սպանություններ. ԱՄՆ Պետդեպն Ադրբեջանի վերաբերյալ զեկույց է հրապարակել

ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է իր ՛՛2023 երկրի զեկույցները մարդու իրավունքների պրակտիկայի վերաբերյալ. Ադրբեջան՛՛ տարեկան զեկույցը, որտեղ խոսվում է 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Արցախի դեմ ագրեսիայի, երկրի անվտանգության ուժերի աշխատակիցների կողմից կամայական սպանությունների ու խոշտանգումների մասին:

Պետդեպի զեկույցում, մասնավորապես, ասված է. ՛՛Սեպտեմբերի 19-20-ը Ադրբեջանը ռազմական գործողություն է իրականացրել՝ նպատակ ունենալով լիակատար վերահսկողություն սահմանել Լեռնային Ղարաբաղի վրա։ 2022 թվականի դեկտեմբերից Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը քաղաքացիական և առևտրային փոխադրումների մեծ մասի համար՝ թույլատրելով միայն կարճաժամկետ մարդասիրական մուտքը, մինչև սեպտեմբերի 24-ը, երբ Ադրբեջանը վերաբացեց միջանցքը Լեռնային Ղարաբաղից միակողմանի երթևեկության համար։

Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակիչներ՝ ըստ էության տարածաշրջանի բոլոր էթնիկ հայերը, փախել են Հայաստան՛՛:

Բացի այդ՝ զեկույցում տեղեկություններ կան նաև աննախադեպ թվով շիա մահմեդականների ձերբակալության մասին։

՛՛Տարվա ընթացքում իշխանությունները ձերբակալել են աննախադեպ թվով այլախոհ շիա մահմեդականների, որոնք գործել են կառավարության կողմից հաստատված հաստատություններից դուրս՝ Իրանի հետ ենթադրյալ կապերի համար, ընդ որում քաղաքացիական հասարակության որոշ դիտորդներ հաշվել են, որ հազարավոր մարդիկ են ձերբակալվել, առկա են ստիպողաբար խոստովանություն կորզելու վերաբերյալ բազմաթիվ արժանահավատ մեղադրանքներ:

Թեև այս ձերբակալությունները թիրախավորված էին իրանական լրտեսական ցանցերի դեմ, հայտնի մեղադրանքների ճնշող մեծամասնությունն առնչվում էր թմրանյութերի վերաբերող հանցագործությունների հետ՛՛,-ասված է զեկույցում։

Նշվում է նաև, որ մարդու իրավունքների հիմնարար խնդիրները ներառում են ապօրինի կամ կամայական սպանությունների, խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի մասին արժանահավատ հաղորդումներ, դաժան և երբեմն կյանքին վտանգ սպառնացող բանտային պայմաններ, կամայական կալանավորումներ, դատական իշխանության անկախությանն առնչվող լուրջ հարցեր, քաղբանտարկյալներ և կալանավորներ, երկրից դուրս անհատների տրանսազգային բռնաճնշումներ, կամայական կամ ապօրինի միջամտություն անձնական կյանքին, ենթադրյալ հանցանքի համար ընտանիքի անդամների պատիժը հարազատների կողմից, լուրջ խախտումներ հակամարտության ընթացքում, ներառյալ՝ քաղաքացիական բնակչությանն անհրաժեշտ իրերի կանխամտածված զրկումը և բնակչությանը հումանիտար հասանելիությունից զրկելը, խոսքի ազատության և զանգվածայի լրատվամիջոցների ազատության լուրջ սահմանափակումներ, ներառյալ՝ լրագրողների նկատմամբ բռնությունները և այլ լուրջ հանցագործությունները:

Զեկույցում ընդգծվում է, որ Ադրբեջանի կառավարությունն արժանահավատ քայլեր չի ձեռնարկել՝ պատժելու համար այն պաշտոնյաներից շատերին, որոնք, ըստ տեղեկությունների, ոտնահարել են մարդու իրավունքները։

՛՛2020 և 2022 թվականների ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կամ առանձին անձանց կատարած ենթադրյալ խախտումների վերաբերյալ կառավարության հետաքննության ընթացքում որևէ առաջընթացի մասին չի զեկուցվել՛՛,-ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցում:

  • Կիսվել: