շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արժեքներն ու սկզբունքներն առավել կարևոր են, քան նույնիսկ կյանքը. Ռուբեն Վարդանյանին թույլատրվել է կապ հաստատել ընտանիքի հետ

Արժեքներն ու սկզբունքներն առավել կարևոր են, քան նույնիսկ կյանքը. Ռուբեն Վարդանյանին թույլատրվել է կապ հաստատել ընտանիքի հետ

Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտարարություն է տարածել Վարդանյանի առողջական վիճակի վերաբերյալ:

«Ավելի քան երկու շաբաթ առանց որևէ շփման իրավունքի գտնվելով մեկուսացման մեջ՝ Ռուբեն Վարդանյանին առաջին անգամ թույլատրվել է կապ հաստատել ընտանիքի հետ։ Դա տեղի է ունեցել հրատապ կոչով միջազգային հանրությանը դիմելուց և Ռուբեն Վարդանյանի կողմից հացադուլ սկսելու մասին հայտնելուց հետո։

Հեռախոսազանգի ժամանակ Ռուբեն Վարդանյանը հայտնել է, որ այս ընթացքում եղել է լիակատար մեկուսացման մեջ և անգամ կարդալու հնարավորություն չի ունեցել։ Որքանով մեզ է հայտնի՝ նրա միայն արյան ճնշումն են չափել և ուրիշ ոչինչ, ինչը մեզ ավելի է անհանգստացնում նրա առողջական վիճակի վատթարացման առումով։ Ռուբեն Վարդանյանը վերջում ասել է. «Ես հիմա ավելի քան երբևէ համոզված եմ, որ արժեքներն ու սկզբունքներն առավել կարևոր են, քան նույնիսկ կյանքը»:

Մենք պահանջում ենք, որ Ադրբեջանը թույլ տա Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին անհապաղ կերպով այցելել նրան, որպեսզի նրա առողջական վիճակի մասին ունենանք անկախ ապացույցներ և համոզված լինենք, որ հացադուլի ընթացքում նրան ցուցաբերվում է պատշաճ բժշկական օգնություն:

Ի հավելումն՝ մենք վերահաստատում ենք Ռուբենի պահանջը՝ անհապաղ կերպով և անվերապահորեն ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին։

Մենք երախտագիտություն ենք հայտնում միջազգային հանրությանը, լրատվամիջոցներին և բոլոր նրանց, ովքեր այս օրերին գրում և խոսում են Ռուբենի մասին։ Հենց այդ ջանքերի շնորհիվ է հնարավոր դարձել ավելի քան երկու շաբաթ անց նրա առաջին հեռախոսկապը ընտանիքի հետ»,-ասված է հայտարարության մեջ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: