երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Մոնտեվիդեոյի ‹‹Հայաստան›› հրապարակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում

Մոնտեվիդեոյի ‹‹Հայաստան›› հրապարակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում

Ապրիլի 24-ին Մոնտեվիդեոյի ‹‹Հայաստան›› հրապարակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Ուրուգվայի հայկական բազմաինստիտուցիոնալ կազմակերպության նախաձեռնությամբ կայացած միջոցառման շրջանակներում ելույթներով հանդես եկան դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մարիամ Գևորգյանը և Ֆրանսիայի դեսպան Ժան-Պոլ Սեյտրեն, ինչպես նաև՝ Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության փոխնախագահ Լաուրա Ասլանյանը, հայտնում են Ուրուգվայում ՀՀ դեսպանությունից:

Շնորհակալություն հայտնելով Ուրուգվայի կառավարությանն ու ժողովրդին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում առաջամարտիկ լինելու և ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին ընդունելու համար՝ Մ. Գևորգյանն ընդգծեց, որ Ուրուգվայը բոլոր դժվարին պահերին մշտապես եղել է Հայաստանի և հայ ժողովրդի կողքին:
Ֆրանսիայի դեսպանն իր ելույթում նշեց, որ Ֆրանսիան Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնած առաջին երկրներից է և օրենքով ճանաչել է այն: Բարձր գնահատելով հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությունը՝ դեսպանը վստահեցրեց, որ այն շարունակելու է ամրապնդվել և Ֆրանսիան այսուհետ ևս անվերապահորեն աջակցելու է Հայաստանին:

Ֆրանսիայի դեսպանը նաև մեջբերեց Հայաստանի մասին աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի խոսքերից:

Միջոցառմանը ներկա էին Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարարի տեղակալ Նիկոլաս Ալբերտոնին (ԱՀ ժամանակավոր նախարար), Աշխատանքի և սոցիալական անվտանգության նախարար Պաբլո Միերեսը, Զբոսաշրջության նախարար Էդուարդո Սանգինետտին, Մոնտեվիդեոյի քաղաքապետ Մաուրիսիո Սունինոն, Առողջապահության նախարարի տեղակալ Խոսե Լուիս Սաջյանը, մի շարք խորհրդարանականներ և քաղաքական-հասարակական գործիչներ, օտարերկրյա դեսպաններ, Ուրուգվայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանը, ուրուգվայահայ համայնքի ներկայացուցիչներ:

Միջոցառման շրջանակներում Ուրուգվայում Հայաստանի դեսպանության անունից ծաղկեպսակ զետեղվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ: Բացի այդ, Մոնտեվիդեոյի քաղաքապետարանի որոշմամբ բացվեց հուշատախտակ՝ ի պատիվ Անտոնիո Ռուբենյանի, որը հանդիսացել է ‹‹Հայաստան›› հրապարակի բացման հիմնական նախաձեռնողը և ‹‹Հայաստան›› ռադիոյի հիմնադիր տնօրենը շուրջ 58 տարի:

  • Կիսվել: