Բոլորին պարզ է, թե ով է սադրիչը․ Նարեկ Կարապետյանը՝ խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը համոզված է, որ բոլորի համար պարզ է, թե ով է հրահրել խորհրդարանում այսօր տեղի ունեցած ծեծկռտուքը։ Այս մասին նա լրագրողներին ասաց նիստերի դահլիճ գնալու ճանապարհին տված կարճ հարցազրույցում։
Լրագրողի այն դիտարկմանը, թե պնդումներ կան, իբր հենց ինքն է մոտեցել ու փորձել հարվածել (Չախոյանին), ինչին էլ պատասխան է ստացել, Կարապետյանը հարցով հակադարձեց. «Պատասխա՞ն։ Հետաքրքիր է։ Կներեք, պետք է նիստի գնամ»։ Նա հավելեց, որ այս պահին չի ցանկանում որևէ բան քննարկել՝ առանց այդ էլ բոլորին պարզ է, թե ով է սադրիչը։
Պատգամավորը նշեց նաև, որ շատ երկրների խորհրդարաններում նման բաներ պատահում են, պարզապես ցավալի է, որ այսօրվա միջադեպը տեղի ունեցավ ժողովրդի աչքի առաջ։ «Բայց կատարվածի մեղավորը մենք չենք։ Ամեն ինչ անում ենք, որպեսզի նման բաներ չկրկնվեն»,- հայտարարեց Կարապետյանը։
Հարցին, թե որքան են շարունակվելու այս սադրանքները, խորհրդարանականն ընդգծեց՝ այնքան ժամանակ, քանի դեռ խաղի կանոնները բոլորի համար նույնը չեն դարձել։



