Փաշինյանը՝ Սահմանադրության ընդունման հետ կապված քաղաքական նոր սցենարների մասին
Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 29-ի ճեպազրույցի ժամանակ ներկայացրեց նոր Սահմանադրության ընդունման շուրջ հնարավոր քաղաքական զարգացումների իր պատկերացումները՝ նշելով, որ այդ գործընթացը կարող է հանգեցնել երկարամյա հակամարտությունների ավարտին և նվազեցնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտությունը։
«Պատկերացրեք՝ գալիս եմ, ասում եմ՝ այո՛, ես երաշխավորում եմ, որ նոր Սահմանադրությունն ունենալուց հետո ավարտվում է ամբողջ պատմությունը՝ իր ենթահարցերով…
Պատկերացրեք՝ ես այդ բոլոր հարցերին ասում եմ՝ այո՛, երաշխավորում եմ, և մենք պետք է գնանք ժողովրդի առաջ, հանդես գանք այս տրամաբանությամբ և այս առաջարկով։ Ընդդիմությունը դե՞մ է քվեարկելու դրան։ Դա նշանակում է ոչնչանալ տեղով։ Չի կարող դեմ քվեարկել ընդդիմությունն այս իրավիճակում, որովհետև իրենք են տվել հարցը, և մենք վերադարձել ենք պատասխանով։
Եթե ընդդիմությունը որոշի դեմ քվեարկել, դրանից հետո կսկսվի քաղաքական պրոցես։ Շատ տարօրինակ բան տեղի կունենա․ սովորաբար խորհրդարանի առաջ ընդդիմությունն է ցույց անում, բայց կարող է այս անգամ իշխանությունը ցույց անել։ Մի անգամ նման բան եղել է 2019 թվականի հոկտեմբերին, և ժողովուրդը պահանջել է կողմ քվեարկել, որ թողնեն՝ ինքը որոշում կայացնի։
Եթե այս սցենարն էլ չաշխատի, դա նշանակում է, որ մենք կգնանք արտահերթ ընտրությունների՝ պայմանով, որ 100 տոկոսով երաշխավորված է, որ այսօրվա խորհրդարանի ընդդիմությունը հաջորդ խորհրդարանում չի լինելու։ Երբ 100 տոկոսով կերաշխավորվի, որ այսօրվա ընդդիմությունը հաջորդ խորհրդարանում չի լինի, նաև զուգահեռ հանրային ճնշում գեներացված կլինի, այսօրվա խորհրդարանի ընդդիմադիր մասը ոչ միայն հանրային ճնշման, այլև ինքնապահպանման բնազդից ելնելով՝ կողմ կքվեարկի։
Հետևաբար, եթե ես, օրինակ, մի շաբաթ առաջ մտածում էի, որ, օրինակ, արտահերթ ընտրությունները հնարավոր, հավանական սցենարներից մեկն են, հիմա՝ երեկվա հարցուպատասխանից, պրոցեսներից հետո, տեսնում եմ, որ արտահերթ ընտրությունների կարիք լինելու հավանականությունն ահավոր ձևով պակասել է, որովհետև քաղաքական պրոցեսը տանում է նրան, որ դրա անհրաժեշտությունը չի լինելու պարզապես», — ասաց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է ժողովրդի քվեարկությանը, ապա վարչապետը կարծում է՝ ժողովուրդը 90 տոկոսով կողմ կքվեարկի, եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ եթե քայլն արվի, ապա 100-ամյակների, ընդհուպ՝ 1000-ամյակների կոնֆլիկտը կավարտվի։



