ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցի մոտակայքում ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարք է ոչնչացրել
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) որսալու և ոչնչացնելու մասին։ Այս մասին հաղորդում է իրանական IRNA գործակալությունը։
ԻՀՊԿ-ի հայտարարության համաձայն՝ ԱԹՍ-ն խոցվել է կորպուսի օդատիեզերական ստորաբաժանման կողմից՝ Իրանի միասնական հակաօդային պաշտպանության ցանցի մաս կազմող հակաօդային պաշտպանության առաջադեմ համակարգի միջոցով։
Հայտարարության մեջ նշվում է, որ սա թվով 14-րդ MQ-1 տիպի առաջադեմ անօդաչու թռչող սարքն է, որ իրանական ուժերը որսացել և ոչնչացրել են։
Ի պատասխան Իրանի դեմ փետրվարի 28-ին սկսված ամերիկա-իսրայելական պատերազմի՝ Իրանն իր վերահսկողության տակ է վերցրել Հորմուզի նեղուցը և այդ ջրային ուղով նավագնացության համար կանոններ սահմանել։ Իրանը բազմիցս զգուշացրել է նավերին չօգտվել այն երթուղիներից, որոնք իր կողմից հաստատված չեն։
Իր հերթին, ԱՄՆ-ն հայտարարել է իրանական նավահանգիստների ծովային շրջափակման մասին։ Վաշինգտոնում նաև պնդում են, որ Հորմուզի նեղուցը վերահսկում են ամերիկյան ուժերը։



