Միհրան Մախսուդյանի նյութական վիճակից ելնելով գրավի չափը կսահմանենք 1 մլն դրամ, 4 մլն-ը կվերադարձվի. դատավոր
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստում պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի փոխվի մեղադրյալներից Միհրան Մախսուդյանի խափանման միջոց 5 մլն գրավը։ Պաշտպանը նշեց, որ այդ 5 մլն դրամը Մախսուդյանի ընտանիքը վճարել է բարեկամներից ու ընկերներից վերցրած գումարներով, բայց նա չի աշխատում, թոշակառու է, թոշակը կազմում 215 հազար դրամ, կինն է միայն աշխատում որպես անհատ ձեռնարկատեր, որի ամսական եկամուտը չի գերազանցում 79 800 դրամը։
«Այս պայմաններում սա շատ դժվարություններ է առաջացնում, որպեսզի նրանք կարողանան և այդ վարկային պարտավորությունները մարեն և նաև ընտանիքի հոգսերը հոգան, նաև պարտքերը վերադարձնեն։ Խնդրում եմ, եթե հնարավորություն կգտնի դատարանը, ապա վերացնել Միրան Մախսուդյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը, իսկ եթե դատարանը այնուամենայնիվ կգտնի, որ անհրաժեշտ է պահպանել նաև խափանման միջոց գրավը, ապա քննարկել գրավի չափը նվազեցնելու նպատակահարմարության հարցը՝ սահմանելով գրավ 1 միլիոն դրամի չափով։ Իհարկե, ցանկալի, որ ընդհանրապես գրավը վերանա, քանի որ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված է նաև վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները, որոնք ի զորու են ապահովել նրա պատշաճ վարքագիծը դատաքննության ընթացքում»,–ասաց պաշտպանը։
Մեղադրող կողմը նշեց, որ գրավի վերացմանը դեմ են, սակայնմ գրավի չաը նվազեցնելու առնչությամբ առարկություններ չունեն։
Դատավոր կարեն Ֆարխոյանը հայտարարեց. «Գրավի գումարը կնվազեցվի մեկ միլիոն դրամի չափով՝ հաշվի առնելով նյութական վիճակը և ընտանիքի եկամուտը, որպեսզի կարողանան հոգան նաև ընտանիքի կարիքները։ Մեկ միլիոն դրամ կսահմանվի գրավը, այսինքն 4 մլն դրամը կվերադարձվի»։


