երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Միայն բոցաշունչ ելույթներ. քննիչ հանձնաժողովը ոչ մի բացահայտում չի արել. «Ժողովուրդ»

Միայն բոցաշունչ ելույթներ. քննիչ հանձնաժողովը ոչ մի բացահայտում չի արել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովը, թերեւս, իր ուրույն տեղն է զբաղեցնում խորհրդարանական մյուս անօգուտ ու ձեւական բնույթ կրող հանձնաժողովների շարքում:

Հիշեցնենք, որ հանձնաժողովը ստեղծվել էր 2022թ.-ի փետրվարի 10-ին՝ ՔՊ-ի նախաձեռնությամբ: Թերեւս հանձնաժողովը կոչված էր ուսումնասիրելու 44-օրյա պատերազմի հանգամանքները, սակայն մինչ օրս, բացի Անդրանիկ Քոչարյանի բոցաշունչ ու աղմկահարույց հայտարարություններից, ելույթներից, նրա ղեկավարած հանձնաժողովը ոչ մի ուշագրավ բացահայտում չի արել։

Ընդ որում՝ ուշագրավ է, որ պատերազմի հանգամանքների քննություն իրականացնում են այն իշխանությունները եւ նրա արբանյակ քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որոնք չեն կարող որեւէ դեպքում Նիկոլ Փաշինյանին՝ որպես գերագույն գլխավոր հրամանատարի մեղադրել: Ընդդիմադիր ուժերը հրաժարվել են մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին: Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 20-րդ հոդվածի՝ Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը վեց ամիս է, որը կարող է երկու անգամ հանձնաժողովի առաջարկությամբ, Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել մինչեւ վեցական ամսով: Այս հանձնաժողովի գործունեությունն արդեն երկու անգամ երկարացվել է՝ 2022թ.-ի հոկտեմբերին 5-ին եւ 2023թ. մայիսի 3-ին. հանձնաժողովի գործունեությունն արդեն երկրորդ անգամ է 6 ամսով երկարաձգվել, այսինքն՝ այն այլեւս չի կարող երկարաձգվել:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն օրերս ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած քննիչ հանձնաժողովն ապօրինի է գործում, քանի որ դրա լիազորությունները օգոստոսի 11-ից ավարտվում են. չնայած սրան՝ Անդրանիկ Քոչարյանը մտադիր է մինչեւ դեկտեմբեր երկարաձգել հանձնաժողովի գործունեության ժամկետը: Անդրանիկ Քոչարյանը, ի պատասխան Արծվիկ Մինասյանի հայտարարություններին, գրություն-պարզաբանում է ներկայացրել պատգամավորին, թե 2022թ.-ի եւ 2023թ.-ի ամռանը պատգամավորներն արձակուրդում են եղել, ուստի հանձնաժողովի գործունեությունը պետք է երկարացվի մինչեւ դեկտեմբեր, փաստացի՝ արդեն երրորդ անգամ, ինչն օրենքի խախտում է, եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դրա իրավունքը չունի: Այն, որ այս պահին գործում է այդ հանձնաժողովը, արդեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի բացթողումն է, քանի որ նա օրենքով պարտավոր է ԱԺ բնականոն գործունեությունը ապահովել, սակայն չի կարողանում:

Ի դեպ, այս իշխանությունների օրոք՝ 2019թ.-ին, եւս մեկ հանձնաժողով էր ստեղծվել՝ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով, որը եւս այդպես էլ ընդամենը ձեւական բնույթ էր կրում եւ իրականում որեւէ բացահայտում չարեց:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

  • Կիսվել: