ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մահվան ելքով վրաերթ Բաբաջանյան փողոցում

Մահվան ելքով վրաերթ Բաբաջանյան փողոցում

2021 թ. օգոստոսի 27-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի բնակիչ, 59-ամյա տղամարդու, որից հետո նույն ավտոմեքենան բախվել է մեկ այլ «Օպել» մակնիշի ավտոմեքենային և կանգ առել: Պատահարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից 59-ամյա տղամարդը տեղում մահացել է:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Վրաերթի ենթարկված տղամարդը ճանաչվել է տուժող:

Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Պարզվել է, որ քաղաքացուն վրաերթի ենթարկած վարորդը գտնվել է սթափ վիճակում:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պատահարի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

  • Կիսվել: