երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչնդոտել անթույլատրելի է. ՄԻՊ

Լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչնդոտել անթույլատրելի է. ՄԻՊ

Լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչնդոտելը կամ դրան ոչ իրավաչափ միջամտելն անթույլատրելի է՝ անկախ որևէ մեկի համակրանքից կամ հակակրանքից, նշված է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած հայտարարությունում։

«Լրագրողը կամ լրատվամիջոցի որևէ այլ  ներկայացուցիչ պարզապես կատարում է իր մասնագիտական աշխատանքը։ Նրանք այդ կերպ ապահովում են մեզնից յուրաքանչյուրի, ողջ հանրության տեղեկացված լինելու իրավունքը: Նրանց այդ աշխատանքը պաշտպանված է մեր երկրի Սահմանադրությամբ ու օրենքներով»:

ՄԻ պաշտպանը խիստ դատապարտելի ու մտահոգիչ է համարում «Կենտրոն» հեռուստաընկերության լրատվական ծրագրի նկարահանող խմբի անդամների նկատմամբ այսօր արձանագրված վերաբերմունքը.

«Քաղաքացիական որևէ ակցիա իրականացնելիս կամ որևէ հարցի առնչությամբ բողոք արտահայտելիս պետք է գործել օրենքին հանահունչ, հարգել այլոց իրավունքներն ու արժանապատվությունը և չխոչընդոտել այլոց մասնագիտական աշխատանքը», նշված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ այսօր «Կենտրոն» հեռուստաընկերության խմբագրությունը հայտարարություն էր տարածել՝ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ։

Այս միջադեպով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

Հիշեցնենք, որ այսօր Հովտաշատում աշխատանքային գործունեության ժամանակ, ըստ «Կենտրոն» ՀԸ-ի տարածած հաղորդագրության՝ հարձակում է տեղի ունեցել իրենց գործընկերների նկատմամբ: Մասնագիտական գործունեությունն իրականացնելիս՝ որոշ անձինք բռնություն են կիրառել լրագրողի նկատմամբ՝ խոչընդոտելով վերջինիս աշխատանքը: 

 

  • Կիսվել: