ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կճոյանի վերաբերյալ քրեական գործը փակուղային վիճակում է․ Փաստաբան

Կճոյանի վերաբերյալ քրեական գործը փակուղային վիճակում է․ Փաստաբան

Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի վերաբերյալ քրեական գործը փակուղային վիճակում է, InfoPort.am-ին տեղեկացրեց նրա փաստաբան Հովիկ Արսենյանը։

«Քննչական ոչ մի գործողություն չի իրականացվում, որևէ տեղաշարժ գոյություն չունի։ Ես ներկայացրել եմ միջնորդություններ՝ հորդորելով քննչական մարմնին առգրավել շատ կարևոր փաստաթղթեր, բայց դեռ ոչ մի գործողություն չի իրականացվում», -ասաց փաստաբանը։

Հարցին, թե ինչո՞ւ այսպես ստացվեց՝ աղմկոտ ազդարարվեց, որ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին մեղադրանք է առաջադրվել, հարուցվել է քրեական գործ և հիմա այն տեղից չի շարժվում, Արսենյանը պատասխանեց․

«Գործարար Աշոտ Սուքիասյանի վերաբերյալ քրեական գործից մաս էր անջատվել, թող դա քննեին, ինչո՞ւ էին նոր քրեական գործ հարուցում, հանրայնացնում, մի հատ էլ սրբազանին մեղադրանք առաջադրում։ Ո՞ւմ են ինչ ուզում ցույց տալ։ Դրա համար էլ այնպիսի միջնորդություն եմ ներկայացրել, որ հրամայական անհրաժեշտություն է նախաքննական մարմինը իմ մատնանշած անձանց հարցաքննի և փաստաթղթերը առգրավի։ Դրանք կապացուցեն, որ Փայլակ Հայրապետյանի սին հայտարարությունները այլ նպատակ են հետապնդել»։

Փայլակ Հայրապետյանի հետ կապվող այս պատմությունը նախապատմություն ունի․ տարիներ առաջ՝ 2013 թվականին Փայլակ Հայրապետյանը հայտարարել էր, թե իրեն պատկանող մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլարի անշարժ գույքը 2009թ. գրավ է դրել բանկերից մեկում։ Ինչից հետո գործարար Աշոտ Սուքիասյանին է հատկացրել 10.7 միլիոն դոլար, որպեսզի ըստ պայմանավորվածության՝ այդ գումարը Աֆրիկայում ոսկու եւ ալմաստի արդյունահանման մեջ ներդրվի։ Սակայն Սուքիասյանն այդ գումարը փոխանցել էր կիպրոսյան օֆշորային 3 ընկերությունների, «A.B.S. GLOBAL LIMITED» ՍՊԸ-ին՝ 7 մլն 20 հազար 450 դոլար, «WLISPERA HOLDINGS LIMITED» ՍՊԸ-ին՝ 350 հազար դոլար եւ «STR EMERALD LIMITED» ՍՊԸ-ին՝ 2 մլն դոլար:

Արդյունքում Փայլակ Հայրապետյանը զրկվել է ունեցվածքից: Կիպրոսի ռեգիստրի պաշտոնական կայքում «Wlispera Holdings Limited»-ի բաժնետեր նշվում էին Աշոտ Սուքիասյանը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, վերջինս հանդիսանում է Աշոտ Սուքիասյանի քավորը։ Ե՛վ Կճոյանը ե՛ւ Սարգսյանը հայտարարել էին, որ կապ չունեն այս պատմության հետ։ 2017 թվականին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը «Օֆշորի» գործով մեղադրյալ Աշոտ Սուքիասյանին 16 տարվա ազատազրկման դատապարտեց։ Սակայն ամիսներ առաջ Սուքիասյանն արդարացվել էր Վերաքննիչ դատարանի կողմից։ Վերաքննիչի որոշումից հետո Ազգային անվտանգության ծառայությունը Նավասարդ արքեպիսկոպոս, Կճոյանին մեղադրանք էր առաջադրվել հանցավոր եղանակով խոշոր չափի՝ 12 մլն դոլար գումարի տնօրինելու և հանցավոր եղանակով ստացված եկամուտներն օրինականացնելու համար օգտագործվել է 2010-ի գարնանը օֆշորային գոտում հիմնադրված ընկերությունը, որի 33 տոկոս բաժնեմասը պատկանել է Նավասարդ արք․ Կճոյանին:

Այս քրեական գործի շրջանակում նախկինում մեղադրյալ է եղել գործարար, ադամանդների բիզնեսով զբաղվող Աշոտ Սուքիասյանը, որը, ըստ լուրերի, Կճոյանի սանիկն է եղել։ Ապրիլի 15-ին Հոգևորականը տվել էր ցուցմունք, ներկայացրել ամեն ինչ, առերեսում չէր եղել որևէ մեկի հետ։ Հոգևորականի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին։

  • Կիսվել: