երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Կոռուպցիոն հանցագործությունները 2022-ին նվազել են 3,4 տոկոսով. գլխավոր դատախազի զեկույցը

Կոռուպցիոն հանցագործությունները 2022-ին նվազել են 3,4 տոկոսով. գլխավոր դատախազի զեկույցը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ-ում ՀՀ դատախազության 2022-ի գործունեության մասին հաղորդում ներկայացրեց: Այն կազմած էր 11 հիմնական բաժիններից, սակայն հիմնական զեկուցողն անդրադարձավ կոռուպցիայի դեմ պայքարի, պետական շահերի պաշտպանության, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նպատակով Հակակոռուպցիոն դատարան ներկայացված հայցապահանջների, քրեական գործերի ժամկետների ձգձգման դեպքերին:

Ըստ Աննա Վարդապետյանի զեկույցի՝ 2022-ին հանցագործությունների թիվը 2021-ի համեմատությամբ աճել է: 2022-ին գրանցվել է 37.612 հանցագործության դեպք, աճել է 24.4 տոկոսով: Սպանությունների թիվը Երևանում նվազել է 8-ով, մարզերում 6-ով ավելացել է: Ինքնասպանության և ինքնասպանության փորձի հասցնելու դեպքերն աճել են 175-ով կամ 60,3 տոկոսով: 2022-ին 280-ով կամ 154,7 տոկոսով աճել են նաև համակարգչային տեխնիկայի գործադրմամբ կատարված հափշտակությունները։ 2022-ին արձանագրվել է նաև քրեական ենթամշակույթին առնչվող հանցագործությունների 25 դեպք, նախորդ տարի 14 է եղել։ Պետական իշխանության, պետական ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններն աճել են 563 դեպքով կամ 20,2 տոկոսով: Կոռուպցիոն հանցագործությունների թիվը նվազել է 2022-ին, արձանագրվել է 1858 դեպք, նվազումը 3,4 տոկոս է:

Աննա Վարդապետյանը նաև նշեց, որ Գլխավոր դատախազությունում քննված գործերի շրջանակում վերհանվել են այն գործերը, որոնց մասով խախտվել են ողջամիտ քննության ժամկետները: Գլխավոր դատախազը հանձնարարական է հասցեագրել բոլոր ստորաբաժանումներին, որպեսզի բացառվեն դատախազների կողմից դատական նիստերի անհարգելի բացակայությունները: Գրություն է հասցեագրվել նաև ԲԴԽ նախագահին:

«Խնդրել եմ ԲԴԽ նախագահին իր լիազորությունների շրջանակում կարգավորել նիստերի նշանակման միջակայքերը, հնարավորինս կրճատել դրանք, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների ոչ բարեխիղճ վարքագծի հետևանքով նիստերի ձգձգումների հետ կապված հնարավորինս գործուն միջոցներ ձեռնարկել»,- ասաց Աննա Վարդապետյանը:

Գլխավոր դատախազը նաև հանձնարարական է տվել 2023-ի մարտի 1-ի դրությամբ ՔԿ ստորաբաժանումներում քննվող քրեական վարույթներից 5202-ի մասով, որոնք 8 ամսից ավելի ժամկետով են քննվում:

  • Կիսվել: