շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ապօրինի ծագում ունեցող շուրջ 1000 անշարժ ու 200 շարժական գույք է բռնագանձվել. հայցագինը՝ 500 միլիարդ դրամ. Գլխավոր դատախազ

Ապօրինի ծագում ունեցող շուրջ 1000 անշարժ ու 200 շարժական գույք է բռնագանձվել. հայցագինը՝ 500 միլիարդ դրամ. Գլխավոր դատախազ

2020 թ. մինչ օրս ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը ներկայացրել է 93 հայցադիմում, որոնցով պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ապօրինի ծագում ունեցող շուրջ 1000 անշարժ գույք, 200 շարժական գույք, 270 իրավաբանական անձում մասնակցություն։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

«Ընդհանուր հայցագինը, որը մենք ներկայացրել ենք, գերազանցում է 500 միլիարդ դրամը», - ասաց նա:

Նա նշեց, որ մինչ օրս կնքվել է հաշտության 4 համաձայնություն, որոնցով պետությանը վերադարձվել է 6 անշարժ ու 1 շարժական գույք՝ ընդհանուր 2 միլիարդ 100 միլիոն դրամ արժեքով։ Վերադարձվել է նաև շուրջ 79 միլիոն դրամ։

«Անշարժ գույքերի ցանկում ներառված են «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հարակից տարածքում գտնվող 4 հողամասերը։ Հողամասերի շուկայական արժեքները ենթակա են լրացուցիչ գնահատման, որովհետեւ վարույթի շրջանակներում գնահատումները մի քանի անգամ պակաս է, քան իրականում այս պահին արժեն այդ հողատարածքները», - ասաց դատախազը։

Նա նշեց եւս երկու վճռի մասին. մեկը վերաբերում է Ծաղկաձորի անտառներ 5500 քմ-ին, որի սեփականության իրվունքն արդեն պատկանում է ՀՀ-ին, մյուսը «Գոլդեն փելես»-ն է, որի ապօրինի օտարված 17 770,6 քմ մակերեոսով հողամասի նկատմամբ բավարարվել է ՀՀ սեփականության իրավունքը գրանցելու պահանջը, բայց կողմը բողոքարկել է վարչական դատարան եւ հաջորդ  տարի փետրվարին վարչական վերաքննիչ դատարանում նորից հարցը քննվելու է:

«Բացի այդ, հայցեր են ներկայացվել Մանկական աշխարհ նախկին հանրախանութի հողամասը վերադարձնելու նպատակով, Պուշկինի 2 հասցեում գտնվող շենքը վերադարձնելու նպատակով, Վարդավառ զբոսայգում ինքնակամ կառուցված շինությունների օրիանականությունը վիճարկելու հայց ունենք: Մի շարք այգիների Ուսանողական այգի, կոմիտաս զբոսայգի, Նանսենի անվան զբոսայգի եւս հանդիսանում են հայցի առարկաներ: Բացի այդ վերջերս հայց է հարուցվել «Մոսկվա» կինոթատրոնի եւ Նկարիչների միության շենքերի պահպանության գոտում օտարման ոչ ենթակա տարածքի վերաբերյալ: Բացի այդ, Գյումրի քաղաքի հայտնի Կումայրի արգելոց-հուշարձան տարածք հանդիսացող հողամասերի օտարման գործընթացի մասով է հայց ներկայացված: Մեր հանրությանը հայտնի Երիտասարդական պալատի՝ «Կուկուռուզնիկի»  նախկին շենքին պատկանող հողատարածքն ենք վիճարկում: Ընդհանուր 31 780 քմ մակերեսով:

Բացի այդ, վերջերս հայց ենք ներկայացրել Հաղթանակ զբոսայգում գտնվող Բաբայան եւ Ուլնեցի հատման հատվածներում գտնվող ընդհանուր 8 800 քմ մակերեսով հողամասի օտարման վերաբերյալ: Ընդհանուր առմամբ, պետական եւ հանրային շահերի պաշտպանության գործընթացի շրջանակներում մոտ 235 հայց է ներկայացվել»,-ասաց Աննա Վարդապետյանը:

Վարչապետ Նիկո Փաշինյանը, սակայն, ասաց, թե հանրությունը դժգոհ է այս պրոցեսների ընթացքից։ «Ուզում եմ իմ խորը մտահոգությունն արտահայտել», - նշեց նա։ Վարչապետի խոսքով՝ իրենք բոլոր ջանքերը գործադրել են, որ պրոցեսները լինեն դե յուրե հիմնավորված ու օրենքի դաշտում։

  • Կիսվել: