շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գլխավոր դատախազի հրամանով երկու դատախազի նկատմամբ նկատողություն է նշանակվել

Գլխավոր դատախազի հրամանով երկու դատախազի նկատմամբ նկատողություն է նշանակվել

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի նոյեմբերի 16-ի որոշման հիման վրա՝ Երևանի կայազորի զինվորական դատախազության երկու դատախազի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:

Դատախազությունից հայտնում են, որ վարույթի շրջանակում հաստատվել է, որ դատախազները ոչ պատշաճ են կատարել իրենց ծառայողական պարտականությունները, խախտել են Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասը (դատախազը պատասխանատու է քրեական հետապնդման հարուցման, չհարուցման և դադարեցման իրավաչափության, մինչդատական վարույթի օրինականության, վարույթի հանրային մասնակիցների կողմից հարկադրանքի միջոցների կիրառման օրինականության, դատարանում հանրային մեղադրանքը պաշտպանելու կամ պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու համար անհրաժեշտ հանգամանքների վերհանման, ինչպես նաև դատական ակտի բողոքարկման կամ չբողոքարկման իրավաչափության համար), 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը (ստուգում է ենթադրյալ հանցավոր դեպքերի վերաբերյալ հաղորդումների ընդունման և արձանագրման մասին օրենսդրության պահանջների կատարումը), «Դատախազության մասին» օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը (կատարում է Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները) պահանջները:

Կարգապահական վարույթի արդյունքները 2023 թվականի դեկտեմբերի 12-ին ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով:

Էթիկայի հանձնաժողովը 2023 թվականի դեկտեմբերի 14-ի որոշմամբ հաստատված է համարել կարգապահական խախտումների առկայությունը և դատախազների մեղավորությունը:

Գլխավոր դատախազի՝ 2023 թվականի դեկտեմբերի 15-ի հրամաններով՝ Երևանի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող երկու անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ:

  • Կիսվել: