շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Իշխանությունը մտածել է՝ բա որ Տավուշի սահմանագծից զորքը դուրս չգա, եկեք համախմբողին՝ Խաչատուրովին, կալանավորենք.պաշտպան

Իշխանությունը մտածել է՝ բա որ Տավուշի սահմանագծից զորքը դուրս չգա, եկեք համախմբողին՝ Խաչատուրովին, կալանավորենք.պաշտպան

Այս իշխանությանը պետք է, որպեսզի բանակային երրորդ կորպուսի նախկին հրամանատար,  գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը լինի անազատության մեջ։ Սա է ամբողջ խնդիրը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց փաստաբան Միհրան Պողոսյանը։

Նրա խոսքով, Խաչատուրովին կալանավորելու պատճառն այն է, որ քաղաքական իշխանություններն ունեն որոշակի պլան, վախենում են այդ պլանին խանգարի Գրիգորի Խաչատուրովը։

«Այս իշխանությանը պետք է, որ ինքը ներսում լինի, դրա համար օգտագործում է գործիքներ։ Խաչատուրովի գնահատմամբ, ԱԱԾ-ն կամ դատախազությունը, բոլորը գործիքներ են։ Իր գնահատմամբ, քննիչներից շատերը, դատախազները տեղյակ էլ չեն, թե ինչու համար է այս ամեն ինչը։

Իսկ այս ամեն ինչը հստակ ժամանակագրություն ունի, հստակ պատճառներ ունի։ Ես մոտավորապես պատկերացնում էի, իսկ երկու օր առաջ իրադաձություն տեղի ունեցավ և ինձ համար փազլն ամբողջացավ։ Դա Գրիգորի Խաչատուրովի կողմից 2020 թվականի դեկտեմբերին բանակային կորոպուստին արձակված  հրամանն է, հանձնարարությունը»,- ասաց փաստաբանը։

Նա նշեց, որ իրենք ուզում էին հասկանալ՝ ինչու Գրիգորի Խաչատուրովը, ինչու հենց հիմա ու գրեթե բացահայտել են այդ ամեն ինչը. «Ապրիլի 21-ին Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել էր, որ ուղիղ վեց շաբաթ առաջ ուղակել էին պայմանագրի օրինակը, Հայաստանի իշխանությունից որևէ տեղեկություն չկա։ Ապրիլի 21-ից, երբ վեց շաբաթ հետ ենք գնում, լինում է  մարտի 11-ը։ Դրա հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը  հրատապ ասուլիս է հրավիրել, առաջին անգամ խոսք է գնում հինգերորդ շարասյան, զինվորականների հետ կապված։

Իմ գնահատմամբ, ոչ թե  պայմանագրի օրինակ են ուղարկել Հայաստանի իշխանություններին, այլ վերջնագիր, որ պետք է անպայման ստորագրվի։ Դա գալիս է ապացուցելու հիմա իրականացվող բանակցությունները։

Հայտնի է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո անընդհատ քննարկման առարկա է հանդիսանում նաև Տավուշի սահմանագծի հետ կապված հանգամանքները։ Երկու օր առաջ հրապարակվել է 2020 թ. դեկտեմբերին Գրիգորի Խաչատուրովի հրամանը  զորամիավորմանը, ասել է՝ քաղաքական իշխանությունների նման գործելակերպը կարող է թուլացնի Տավուշի սահմանագիծը, ոչ մի քայլ հետ, թեև առկա լինեն հրամաններ, ոչ մեկ ոչ մի տեղից դուրս չի գալու, բնագիծը պետք է անսասան պահպանվի, թույլ չեն տալու որևէ մեկին Սահմանադրություն խախտվի և այլ գործողություններ իրականացվեն։ Նույն հրամանում վերջինս նշում է, որ  իրենց լրացուցիչ ոչ մի բան պետք չի, պետությունից ոչ մի բան չեն սպասում։

Այդ մարդն այն մարդն է, որ սեփական  ռեսուրսներով սեփական անձով պատրաստ է եղել իր  հայրենիքն անսասան պահել։

Ակնհայտ է, որ այդ ժամանակ եղել է խոստումը ինչ-որ բան ստորագրելու, ուղղակի ասել են՝ մի հատ պրոբլեմ ունենք, Գրիգորի Խաչատուրովն է, սենց հրաման է արձակել: Իրենք մարտի 16-ին Գրիգորի Խաչատուրովին կալանավորում են ու հիմա այդ հարցը քննարկում են բանակցություններում: Այսինքն իրենց կարծիքով այս պայմանագրի ստորագրման պարագայում Գրիգորի Խաչատուրովը կարող էր ազդեցություն ունենալ, որ այդ սահմանագիծը խախտվի:

Իշխանությունները մտածել են՝ բա որ Տավուշի սահմանագծից զորքը դուրս չգա, եկեք համախմբողին տանենք, կալանավորենք: Այս իշխանությունները ունեն պլան, վախենում են այդ պլանին խանգարի Գրիգորի Խաչատուրովը»,-ասաց պաշտպանը:

Նրա խոսքով, ակնհայտ է, որ այդ հրամանի առկայությունը գաղտնի չի եղել իշխանության համար, այդ հրամանի հետ կապված ԱԱԾ-ում տեղյակ են եղել։

Միհրան Պողոսյանն ասաց, որ մայիսի 8-ին իրենք դատարանում փորձելու են այս ամեն ինչը ներկայացնել։

«Խաչատուրովին ներկայացված մեղադրանքը որակում եմ որպես անձնական հետապնդում։ Խաչատուրովը քաղաքականությամբ զբաղվող մարդ չէ, իրական հայորդի է, ով միշտ գիտակցել է Հայաստանի հարատևության կարևորությունը, դրա համար գործողություններ է կատարել։ Զինվորական լինելով հանդերձ՝ հայ քաղաքական իշխանությունը իրեն դիտարկում է որպես իրեն այլընտրանք»,- ասաց Միհրան Պողոսյանը։

  • Կիսվել: