երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ինչու՞ ենք միայն Կիրանցի դպրոցի մասին խոսում, սահմանամերձ մյուս գյուղերի դպրոցներն էլ են դիտարկվում. ՄԻՊ

Ինչու՞ ենք միայն Կիրանցի դպրոցի մասին խոսում, սահմանամերձ մյուս գյուղերի դպրոցներն էլ են դիտարկվում. ՄԻՊ

Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելու կամ ուժի գործադրման գործընթացը դրսևորվել է առերևույթ ուժի գործադրմամբ, և այս հանգամանքին իրավասու մարմինները պետք է բավարար ուշադրություն դարձնեն նաև հետագայում: Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով Տավուշում ոստիկանության գործողություններին, անչափահասներին բերման ենթարկելուն:

«Անչափահասների հետ կապված՝ ես նաև հայտարարություն եմ տարածել, նաև մենք նրանց տեսել ենք հիվանդանոցում, ես հատուկ արձանագրել եմ, որ երեխայի հատուկ շահը պետք է նկատի ունենան ինչպես պետական իրավասու մարմինները, այնպես էլ հավաքի կազմակերպիչները, մասնակիցները, ԶԼՄ-ները, որովհետև ԶԼՄ-ներով երեխաների հետ կապված լուսաբանումները ընդհանրապես չեն համապատասխանում ո՛չ երեխայի լավագույն շահին, ո՛չ երեխաների վերաբերյալ անձնական տվյալների պաշտպանության հետ կապված հարցերին: Այս հանգամանքին, բնականաբար, հրավիրել եմ բոլորի ուշադրությունը»,- ընդգծեց Անահիտ Մանասյանը:

Հարցին՝ Կիրանցում դպրոցը սահմանազատումից հետո մոտ է լինելու ադրբեջանական սահմանին,  այդ երեխաների պաշտպանվածությունն ինչպե՞ս է պատկերացնում, նա ասաց. «Եթե պետք է դպրոցը հենց այդ վայրում շահագործվի, պետք է երեխաների անվտանգությունը, բոլոր հնարավոր իրավունքները երաշխավորված լինեն։ Ինքս բոլոր դպրոցների հետ կապված հարցերը բարձրաձայնել եմ։

Բոլոր սահմանամերձ բնակավայրերում ունենք դպրոցներ,  որոնք այս պահին դիտարկման ներքո են գտնվում, եթե նույն տրամաբանությամբ առաջնորդվենք, հարցեր են առաջացնում, մտահոգություններ, որոնք հասցեավորել եմ ու պահանջել, որ հարցերը լուծված լինեն»։

Ինչ վերաբերում է Կիրանցի և մյուս բնակավայրերի բնակիչների՝ սեփականության իրավունքների խախտումներին, ՄԻՊ-ը պարզաբանեց՝ երբ մեկնել էր Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրեր, հատուկ արձանագրել է՝ անկախ նրանից՝ մարդը ունի սեփականության իրավունքի վկայական, թե ոչ, պետությունն է կրում դրա հետ կապված պատասխանատվությունը:

Ճշտող հարցին՝ եթե փաստ է, որ խախտվում են այդ մարդկանց սեփականության իրավունքները, ինչպես պետք է այն վերականգնվի, Մանասյանը պարզաբանեց՝ մեթոդները կարող են տարատեսակ լինել:

«Կարող է լինել կամ փոխհատուցման իրավունքի տրամադրում, կամ այլ անշարժ գույքի տրամադրում և այլն, այսինքն՝ սա քննարկման ենթակա հարց է, բայց այն, որ իրավունքի պաշտպանությունը պետք է երաշխավորվի, ակնհայտ է»,- ասաց ՄԻՊ-ը:

Հարցին՝  Նիկոլ Փաշինյանն ասում է, որ եթե ադրբեջանական կողմի համար դպրոցի տարածքը տեսանելի է, կարող են, օրինակ, ծառերով քողարկել, արդյո՞ք ծառեր տնկելը կարող է լուծում լինել, Անահիտ Մանասյանն ասաց. «Դա իմ իրավասությանը վերաբերելի հարց չէ»։

  • Կիսվել: