ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ինչով է պայմանավորված քրեական գործերի քննության ձգձգումը. պարզաբանում է ՔԿ նախագահի տեղակալը

Ինչով է պայմանավորված քրեական գործերի քննության ձգձգումը. պարզաբանում է ՔԿ նախագահի տեղակալը

Հայաստանում որոշ դեպքերում քրեական գործերի քննությունը շատ երկար է տևում, պատճառները բազում են, հիմնականում՝ քննիչների, փորձագետների ծանրաբեռնվածությունը, երբեմն նաև քննիչի անգործությունը: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՛՛Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին՛՛ տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը:

Իր հերթին ՔՊ-ական պատգամավոր Արփինե Դավոյանն էլ նշեց, որ պատգամավորները քաղաքացիներից բողոքներ են ստանում քրեական գործերի երկար քննության առնչությամբ, կան գործեր, որոնք 2-3 տարի քննվում են Քննչական կոմիտեում:

Նրա դիտարկմանն արձագանքելով՝ Այվազյանը պատասխանեց. ՛՛Այո, ցավոք սրտի, որոշ դեպքերում օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով քրեական գործերի քննության ավելի երկար ժամանակահատված ենք ունենում: Պատճառները բազմում են՝ սկսած քննիչի ծանրաբեռնվածությունից, մինչև փորձագետների ծանրաբեռնվածություն՛՛:

Նախկինում, նրա խոսքով, երբ փաստաբանական համայնքն այնքան զարգացած չէր, որքան այսօր, փորձաքննությունների տեսակներն այնքան շատ չէին, որքան այսօր, քրեական գործերի ավարտը, որպես կանոն, ավելի արագ էր լինում:

՛՛Իսկ այսօր պայմանավորված և քննիչների և փորձագետների ծանրաբեռնվածությամբ՝ երբեմն ունենում ենք քրեական գործերի ձգձգումներ օբյեկտիվ պատճառով: Փորձաքննության տեսակներ ենք ունենում, երբ նշանակում ենք փորձաքննություն, փորձագետն ասում է, որ իրենց մոտ գերծանրաբեռնված է և կարող փորձաքննությանն անդրադառնալ ամիսներ անց: Քննիչը տվյալ դեպքում պարզապես այլընտրանք չի ունենում՛՛,-ասաց Այվազյանը՝ չբացառելով նաև քննիչների բացթողումների, ոչ արագ քննություն կատարելու դեպքերը:

Այվազյանը հավելեց նաև, որ բազում դեպքեր են եղել, որ տևական ժամանակ քննիչի անգործության արդյունքում տվյալ քննիչին ենթարկել են կարգապահական պատասխանատվության: Իսկ որպես ձգձգումների հիմնական պատճառ նա նշեց  ծանրաբեռնվածությունը:

  • Կիսվել: