ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը մասնակցել է գործերի քննության ողջամիտ ժամկետների վերաբերյալ քննարկմանը

ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը մասնակցել է գործերի քննության ողջամիտ ժամկետների վերաբերյալ քննարկմանը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, Խորհրդի մի շարք անդամներ, ինչպես նաև ՀՀ արդարադատության փոխնախարարը, Վճռաբեկ դատարանի նախագահը, դատավորներ այսօր մասնակցել են Եվրոպայի խորհրդի կազմակերպած քննարկմանը, որը վերաբերում էր 2021 թվականի օգոստոսի 30-ի «Գործերի քննության միջին տևողության ուղենիշային ժամկետները՝ ըստ գործերի առանձին տեսակների և բարդության սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-65-Ո-165 որոշմանը:
 
Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարը նշել է. «Գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման խնդիրը Բարձրագույն դատական խորհրդին մտահոգող առաջնահերթ հարցերից է։ Այն էապես պայմանավորված է բնակչության համար դատարանների մատչելիության դժվարություններով, դատարանների ծանրաբեռնվածությամբ՝ զարգացած ժողովրդավարական երկրների համեմատ Հայաստանում դատավորների թիվը եռակի անգամ պակաս է անհրաժեշտ քանակից, և շատ այլ հանգամանքներով։
 
Բարձրագույն դատական խորհուրդը 2021 թվականի օգոստոսի 30-ի որոշմամբ սահմանեց գործերի քննության միջին տևողության ուղենիշային ժամկետները։ Այն կոչված է ապահովելու ողջամիտ ժամկետում գործերի քննությունը, կողմերի համար կանխատեսելի դարձնել գործերի քննության տևողությունը, ինչպես նաև նպաստել դատարանների հաշվետվողականությանը»:
 
Խորհրդի նախագահի պաշտոնակատարը հավելել է, որ այս հանգամանքների պատշաճ ապահովումն էականորեն կնպաստի դատական իշխանության հեղինակության բարձրացմանը. «Որոշման կայացման ընթացքում Խորհուրդը փորձել է հնարավորինս հավասարակշռել մի կողմից դատավարության մասնակիցների համար գործի արագ քննության կարևորությունը, մյուս կողմից՝ դատարանին գործը մանրամասն քննելու համար բավականաչափ ժամանակ տրամադրելու անհրաժեշտությունը։ Այդ երկու իմպերատիվ պահանջների միջև օպտիմալ հավասարակշռում գտնելու համար՝ ներդրված համակարգը հաշվի է առնում գործերի թե՛ իրավական, թե՛ փաստական բարդության չափանիշները։
 
ԲԴԽ որոշմամբ սահմանված չափանիշներն արտացոլում են Հայաստանի Հանրապետության դատարաններում առկա այն գործոնները, որոնք անխուսափելիորեն ազդում են դատական գործի քննության տևողության վրա։ Միաժամանակ, մենք փորձել ենք ամրագրել այնպիսի չափանիշներ, որոնք բացառում են որևէ սուբյեկտիվ մոտեցում»:
 
Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը շեշտել է, որ Վճռաբեկ դատարանը ևս, հատկապես վերջին տարիներին, իր ուշադրության առանցքում է պահում ողջամիտ ժամկետների պահպանման խնդիրը:
 
Քննարկման մասնակիցների թվում էին նաև քաղհասարակության ներկայացուցիչներ, ինչպես նաև ԵԽ միջազգային փորձագետներ: 

  • Կիսվել: