կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Հոգեպես վիճակը այդքան էլ լավ չէ»․ Ալեն Սիմոնյանի հարսի փաստաբանը կալանքի որոշման դեմ բողոք է ներկայացրել

«Հոգեպես վիճակը այդքան էլ լավ չէ»․ Ալեն Սիմոնյանի հարսի փաստաբանը կալանքի որոշման դեմ բողոք է ներկայացրել

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հարսի՝ Անի Գեւորգյանի կալանավորելու որոշման դեմ Վերաքննիչ դատարանում բողոք է ներկայացվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Մուշեղ Ալեքսանյանը։

Նա նշեց, որ Անի Գեւորգյանի տեսակցությունները բաց են միայն մերձավոր ազգականների համար։

Հարցին՝ առողջական վիճակն ինչպե՞ս է, փաստաբանն ասաց․ «Բավարար է, բայց հոգեպես վիճակը այդքան էլ լավ չէ։ Ենթադրում եմ, որ չի կարող մարդը, որը երբեք չի հայտնվել այդպիսի միջավայրում, դա իր համար նորմալ լինի»։

Նշենք, որ Անի Գեւորգյանը պահվում է «Աբովյան» ՔԿՀ-ում, նա մանկահասակ երեխաների մայր է։

Կալանավորման որոշումից հետո իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Անի Գեւորգյանին եւ Աշոտ Հովհաննիսյանին կալանքից ազատելու մասին Գլխավոր դատախազին անձնական երաշխավորություն ներկայացնելու նախաձեռնությամբ են հանդես եկել։

Հիշեցնենք, որ պաշտոնեական դիրքի չարաշահման, եւ կոռուպցիոն դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարույթով 7 անձ է ձերբակալվել, ապա մի քանիսը կալանավորվել, այդ թվում՝ դեպքից մեկ օր առաջ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից ազատված Անի Իսպիրյանը, որի նկատմամբ կիրառվել է տնային կալանք: Կալանավորվել է նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը:

Էկոնոմիկայի նախարարությունում ձերբակալություններից հետո կալանավորվել է նաեւ IT ամենահայտնի կազմակերպություններից մեկի` «Սիներջիի» մի խումբ աշխատակիցներ եւ տնօրենը՝ Աշոտ Հովհաննիսյանը։ «Սիներջիի»  հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը երկքաղաքացի է՝ նաեւ ԱՄՆ քաղաքացիություն ունի։ Նա «Վիցե միսս Եվրոպա-2005» գեղեցկության մրցույթում հաղթած հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի սկեսրայրն է։

  • Կիսվել: