երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ընդունել է համաշխարհային բանկի պատվիրակությանը

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ընդունել է համաշխարհային բանկի պատվիրակությանը

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանն այսօր ընդունել է արդարադատության և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերի շուրջ քննարկումներ անցկացնելու նպատակով Հայաստանում գտնվող Համաշխարհային բանկի պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ դատախազության  հանրային կապերի բաժնից:

Ողջունելով պատվիրակության անդամներին ՀՀ դատախազությունում հերթական անգամ գտնվելու կապակցությամբ՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը նշել է, որ ՀԲ ներկայացուցիչների հետ արդեն ավանդական դարձած հանդիպումները մշտապես աչքի են ընկել առարկայական և բաց քննարկումներով, որոնց արդյունքում հաջողվել է նախանշել և իրականացել դատաիրավական համակարգի բարելավմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր: Այդ նկատառումով, ըստ Դավիթ Մելքոնյանի, ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է մեծ ներգրավվածություն ունենալ ՀԲ-ի աջակցությամբ նշված ոլորտի բարեփոխումներին ուղղված նախաձեռնություններում:

Պատվիրակության ղեկավար Եվա Մելիսն իր հերթին բարձր է գնահատել ՀԲ-ի և ՀՀ գլխավոր դատախազության միջև ձևավորված կառուցողական և գործընկերային երկխոսության մթնոլորտը՝ հավելելով, որ Հայաստանի դատաիրավական և քրեական արդարադատության ոլորտներում մեկնարկած բարեփոխումները, ՀՀ քրեական հետապնդման մարմինների կարիքների համատեքստում համագործակցությունն ավելի ընդլայնելու մեծ հեռանկարներ է ստեղծում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում կոռուպցիոն հանցագործությունների ազդարարման համակարգի գործարկման ընթացիկ արդյունքները,  անանուն ազդարարման էլեկտրոնային հարթակի նկատմամբ հանրային վստահության մակարդակի բարձրացման, մատչելիության և հասանելիության ապահովման լրացուցիչ մեխանիզմներ կիրառելու խնդիրները:

Բացի այդ, քննարկման առարկա է դարձել ՀՀ գլխավոր դատախազության համար առաջնային համարվող՝ դատախազների գնահատման, էլեկտրոնային քրեական դատավարության համակարգերի ներդրմանը տեխնիկական, տեղեկատվական աջակցության ցուցաբերման, ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման օրենսդրության ընդունման դեպքում դատախազների մասնագիտական վերապատրաստմանը և դատախազությանը տեխնիկական աջակցություն ցուցաբերելուն ուղղված ծրագրերի իրականացման հնարավորությունները:

 ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը կարևորել է նաև ՀՀ Կառավարության կողմից ընդունված դատաիրավական բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարություններով դատախազությանը վերաբերելի միջոցառումների կատարումն ապահովելու ուղղությամբ հետագա համագործակցության անհրաժեշտությունը:

 

 

  • Կիսվել: