երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Հետաղետային կարիքների խորքային գնահատման և ենթակառուցվածքների ամբողջականության վերականգնման նպատակով Հայաստան մասնագիտական խումբ է գործուղվել

Հետաղետային կարիքների խորքային գնահատման և ենթակառուցվածքների ամբողջականության վերականգնման նպատակով Հայաստան մասնագիտական խումբ է գործուղվել

Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման համար ՀՀ Ներքին գործերի նախարարության խնդրանքով ակտիվացվել է Եվրոպական Միության Բնակչության պաշտպանության մեխանիզմը՝ բարձրակարգ մասնագիտական խորհրդատվության, նյութատեխնիկական աջակցության և արբանյակային տվյալների ստացման նպատակով։

ԵՄ կողմից տրամադրվող աջակցության օպերատիվ կազմակերպման համար Բրյուսելից Երևան է ժամանել Եվրոպայի արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի համակարգման սպան։

Միջազգային օգնության կոչին առաջին արձագանքողների թվում է Շվեյցարիայի Համադաշնությունը, որը Հայաստան է գործուղել մասնագիտական խումբ` ենթակառուցվածքների վիճակի, ամբողջականության, վերականգնման հնարավորության ուսումնասիրություններ կատարելու համար: Խմբում ներգրավված են ինժեներներ, ճարտարապետներ և աղետների ռիսկի գնահատման մասնագետներ։

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համագործակցությամբ՝ խումբն այսօր մեկնել է աղետի գոտի՝ ճարտարագիտական գնահատում իրականացնելու նպատակով։
Տեղում հետաղետային կարիքների արագ գնահատման և տվյալների հավաքագրման նպատակով աշխատանքներ է իրականացնում փաստահավաք խումբը՝ ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի մասնագետների ղեկավարությամբ։

ՆԳՆ թիմի հետ, որում ներգրավված են նաև ՃԿՊԱ դասախոսական և ուսանողական կազմի ներկայացուցիչներ, խումբը հարցումներ է իրականացնում տուժած բնակավայրերում՝ անմիջապես աշխատելով տեղական ինքնակառավարման մարմինների և բնակչության հետ, որպեսզի հնարավորինս արագ ամփոփի առաջնային կարիքների գնահատման առաջին փուլը՝ հետաղետային կարիքների խորքային գնահատման և վաղ վերականգնման փուլի նախապատրաստման նպատակով։

  • Կիսվել: